«Ժամանակին «Կիլիկիան» լսում, լացում էի, հիմա հասկացել եմ՝ ես ուր, Կիլիկիան ուր, ինչի՞ պիտի լացեմ». Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից իր ելույթը սկսեց Արմեն Ռուստամյանի ելույթին որակումներ տալով՝ այն բնորոշելով էմոցիոնալ ելույթ։
Պարզվում է՝ նա Արմեն Ռուստամյանի ելույթի որոշ դրվագների հետ համաձայն չէ, քանի որ հայ ազգն այն բացառիկ ազգերից է, որ դարերի բովով անցել է ու այսօր ունի պետականություն։
«Ես հպարտ եմ. որպես պատգամավոր՝ կարողանում եմ իմ համեստ ավանդը բերել այդ պետականության կայացման, զարգացման գործում, նաև ձեզ հետ միասին։
Դուք ձեր ելույթում մեջբերեցիք Եղիշե Չարենցի հայտնի բանաստեղծությունը, խորհուրդ կտամ, երբ հաջորդ անգամ այդ բանաստեղծությունն ընթերցեք, ուշադրություն դարձնեք այն տողի վրա, որտեղ Մասիս սարի մասին է ասվում։
Պարո՛ն Ռուստամյան, օրինակ, երբ դուք երիտասարդ էիք կամ հիմա, մի լավ երգ կա՝ զգացմունքային՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա», այդ երգը երբ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք։ Օրինակ, երբ ես պատանեկության, երիտասարդ տարիքում լսում էի, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի այդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ լացում Կիլիկիայի համար, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում՝ Կիլիկիան ուր, ես՝ ուր։ Կիլիկիան իմ պատամական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է»,- ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա կրկին մատնացույց արեց Արմեն Ռուստամյանին՝ նկատելով, թե այն ժամանակ ուժեղ, կրթված տղաները թողեցին պատմական հայրենիքը և գնացին, ուրիշ տեղ պետություն ստեղծեցին։
«Բայց փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, դա լավ է, որ մեզ հեռացնեք իշխանությունից, եթե մի բան այն չենք անում։ Այդ ամենը հաշվի առնելով՝ փորձում ենք սխալներ թույլ չտալ, ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»,- հավելեց Հ. Աղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում