Տարոն Մարգարյան. Ինձ թվում է` Թաթոսից հետո անցանք ընտրություններին (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ներկա էր գտնվում նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Թաթոսի ցուցահանդեսին:
Ի դեպ, ցուցահանդեսին ներկա էին գտնվում նաև Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը և Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Վերջինս շուտ հեռացավ ցուցասրահից:
168.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն է ստացել ցուցահանդեսից:
«Շատ մեծ տպավորություն ունեմ ցուցահանդեսից, իսկ Թաթոսի արվեստն ինձ համար գերազանց է և բարձր է: Թաթոսին ճանաչում եմ շատ վաղուց և շատ ուրախ եմ, որ նման մարդիկ կան»,- ասաց Տ. Մարգարյանը:
Հարցին, թե ի՞նչ կընդգծեր Թաթոսի արվեստից, ի՞նչն է հատկապես գրավում նրան, Երևանի քաղաքապետը պատասխանեց. «Ամեն ինչը գրավում է»:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե վերընտրվելու դեպքում ո՞ր նկարչի ոգով կցանկանար քաղաքը կառուցել, նա նշեց. «Ինձ թվում է, Թաթոսից հետո անցանք ընտրություններին, կգա այդ ժամանակը՝ կխոսենք»: