«Ջաններս պիտի յուղենք». կառավարությունը 2025-ի բյուջեով բոլորիս համար դժվար տարի է պլանավորել

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ավարտեցին 2025թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Սակայն գալիք տարվա բյուջեի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար առաջիկայում ԱԺ օրակարգում ներառվող բուն նախագիծն առավել նպատակահարմար է դիտարկել՝ ինչպես ընթացիկ տարվա՝ 2024թ. բյուջեի կատարման, այնպես էլ՝ 2024 և 2025 թվականների բյուջեների հիմնական տարբերությունների համատեքստում։ Տվյալ պահին առկա ամենաթարմ պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրն է, որը և պետք է հիմք ընդունել վերոհիշյալ վերլուծությունն իրականացնելու համար։

Այսպես, 2025թ. պետական բյուջեի նախագծով պլանավորված են 2024թ. զգալիորեն գերազանցող հարկային եկամուտներ։ Մինչդեռ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարողականը վկայում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պետական բյուջեի թե՛ ընդհանուր, և թե՛ հարկային եկամուտների աճի շոշափելի դանդաղման, իսկ ճշտված պլանի համեմատ՝ դրանց էական թերակատարման մասին։ Մասնավորապես՝

  • Պետական բյուջեի եկամուտները 2024թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 9 %-ով ավելի են։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ 2024թ.-ից սկսած հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսների գումարի վերադարձը ձևակերպվում է՝ որպես պետական բյուջեի ծախս, և այլևս չի նվազեցվում եկամտային հարկից։ Ուստի, հաշվառման նախկին, ասել է թե՝ հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձը 2024-ի ցուցանիշներից հանելու մոտեցումը կիրառելու դեպքում ստացվում է, որ իրականում եկամուտների աճը զգալիորեն ավելի փոքր է և 2.3 անգամ ցածր 2023-ի 9 ամիսների ցուցանիշից։
  • Զուգահեռաբար 2024թ. 9 ամիսներին ճշտված պլանի համեմատ՝ եկամուտների թերակատարումը զգալի է. ընդհանուր եկամուտները թերակատարվել են՝ 4%, իսկ հարկային եկամուտները՝ 7.8%-ով։

Նշված փաստերն արդեն իսկ բավարար են ենթադրելու համար, որ կառավարությունն այս անգամ էլ հույսը դրել է արտածին մի նոր «հրաշքի» վրա, ինչպիսիք արդեն մի քանի անգամ եղել են 2022-2024թթ.-ի ընթացքում։

Նման մի «հրաշքի» սպասման մասին իր ելույթում բարձրաձայնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ս.թ. նոյեմբերի 4-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, վերջինս նշեց, որ շինարարության ոլորտում կուտակվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) 142 մլրդ դրամի «կրեդիտ», որը հույս ունեն հավաքագրել 2025-2026թթ. ընթացքում։ Բանն այն է, որ գործող կարգի համաձայն՝ կառուցապատող ընկերության ԱԱՀ-ի պարտավորությունն առաջանում է այն պահին, երբ կառուցված անշարժ գույքը վաճառվում է։ Իսկ մինչ այդ, ընդհակառակը, կարող է առաջանալ ԱԱՀ-ի «դեբետ»՝ պայմանավորված նրանով, որ շինարարության ընթացքում կառուցապատողը ձեռք է բերում տարբեր ապրանքներ և ծառայություններ, և, եթե «դեբետը» գերազանցում է «կրեդիտին», ապա դրանց տարբերության չափով ԱԱՀ-ն ենթակա է պետության կողմից ետ վերադարձի։

Տեսականորեն կառուցապատողի կողմից ԱԱՀ-ի վճարումը կարող է «հետաձգվել», եթե նա, նախքան արդեն կառուցված անշարժ գույքը վաճառելը, սկսի կառուցել մեկ այլ անշարժ գույք։ Ստացվում է, որ կառավարությունը կանխատեսում է, որ գալիք 2 տարիների ընթացքում հետաձգումների այս «շղթան» կանգ է առնելու։ Այս կանխատեսման հիմնական պատճառը, թերևս, այն է, որ նոր տրամադրվող հիփոթեքային վարկերի համար 2025թ. հունվարի 1-ից դադարելու է գործել Երևան քաղաքում հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսների՝ եկամտային հարկից հետվերադարձի կարգը։ Սա անխուսափելիորեն կհանգեցնի Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի (հատկապես՝ նոր կառուցվող) նկատմամբ պահանջարկի շոշափելի նվազման։

Կառուցապատողները ստիպված կլինեն այլընտրանքներ որոնել երևանամերձ մարզերում, որտեղ էապես ավելի ցածր են թե՛ գնողունակ պահանջարկը, և թե՛ անշարժ գույքի գները։ Արդյունքում, շատ հավանական է, որ ԱԱՀ-ի «դեբետը» զգալիորեն նվազի, և Երևանում արդեն կառուցված, բայց դեռևս չվաճառված անշարժ գույքը վաճառելու դեպքում ԱԱՀ-ի «կրեդիտն» իսկապես էապես գերազանցի «դեբետին», ինչի հաշվին պետական բյուջեում կարող են արձանագրվել չնախատեսված, լրացուցիչ հարկային մուտքեր։ Իրականում, իրադարձությունների նման զարգացումը, որի արդյունքում արձանագրվելու է շրջանառության կտրուկ նվազում, ոչ միայն լրջագույն խնդրի առջև է կանգնեցնելու կառուցապատողներին, այլև վտանգելու է ողջ շինարարության ոլորտը. եթե վերջին տարիներին շինարարության ոլորտում զգալի աճ էր արձանագրվում, ապա շատ հնարավոր է, որ կրկին կտրուկ անկում լինի՝ ինչպես եղավ 2009թ.-ին։ Այսպիսի ճանապարհով լրացուցիչ հարկային մուտքերի վրա հույս դնելը, մեղմ ասած, ոչ միայն անհեռատեսական է, այլև ռիսկային՝ հատկապես, երբ չկա որևէ երաշխիք, թե նշված 142 մլրդ դրամի ո՞ր մասը փաստացի կհավաքագրվի 2025թ. ընթացքում

Վերջին շրջանում հարկային հավաքագրումների առումով արձանագրվող բացասական զարգացումների ֆոնին ավելի ու ավելի սպասելի ցնցումները մեղմացնելու համար գործող իշխանությունը, բացի «հույսը բախտի վրա դնելուց», փորձում է նաև 2025-ի բյուջետային մուտքերն ավելացնել օրենսդրական փոփոխությունների օգնությամբ։

Մասնավորապես, արդեն 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնցով գործունեության մի շարք տեսակներ դուրս են բերվում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների ցանկից (նոտարական, փաստաբանական, անշարժ գույքի միջնորդական, վարսավիրական, ավտոտեխսպասարկման և մի շարք այլ գործունեության տեսակներ)։ Բացի այդ, կատարված փոփոխությամբ գործունեության տեսակների մեծ մասի դեպքում շեշտակի՝ 2-3.3 անգամ, բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։

Վերոհիշյալ ցանկն էլ ավելի կնեղացվի օրերս կառավարության կողմից հավանության արժանացած մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ, որը որպես անհետաձգելի կներկայացվի Ազգային ժողովի «դատին» և, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի 2025թ. հուլիսի 1-ից։ Կառավարության կողմից փոքր տնտեսվարողների նկատմամբ օրենսդրական նմանօրինակ խստացումների կիրառումը, թույլ տվեք ասել, որ այդքան էլ արդար չէ։ Նույն ինքը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մեր կողմից նշված ԱԺ հանձնաժողովի նույն նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ խոստովանել էր, որ «բյուջեի եկամուտների 90 և ավելի տոկոսը հավաքագրվում է խոշոր հարկ վճարողներից»։ Այդ դեպքում ինչո՞ւ են խստացումները միայն տարածվելու թվով շատ, բայց փաստացի բյուջեի անհամեմատ չնչին մասը «լցնող» փոքր տնտեսվարողների վրա։ Միանշանակ է, որ նման քաղաքականությունը, կամա թե ակամա, թուլացնելու ու «գլխատելու» է միկրոձեռնարկատիրությունը։ Իսկ դրանից միայն շահելու են խոշոր գործարարները, ինչը կտրուկ հակասություն է մտցնում Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունների ու փաստացի կատարվող որոշումների միջև։

Մեկ ուրիշ նախագծով էլ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, ընդլայնվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկը՝ ի հաշիվ նախկինում չհարկվող «նյութեր, հավելանյութեր» և «արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ» ապրանքատեսակների:

Նշված բոլոր օրինակները վկայում են մի բանի մասին՝ այդ բոլոր փոփոխություններն առաջին հերթին ֆիսկալ նպատակ են հետապնդում՝ զուտ եկամուտների հոսք ապահովել բյուջե: Իսկ այն, որ այդ խստացումները տնտեսվարողներին անխուսափելիորեն լրջագույն պրոբլեմների առաջ են կանգնեցնելու, իշխանություններին ամենևին չի մտահոգում. կարևորը՝ բյուջեն կարողանան «լցնել»։

Ավելին, ընթացիկ զարգացումները հուշում են, որ ՀՀ տնտեսության համար 2025-ը 2024-ից շատ ավելի դժվար տարի է լինելու բոլորիս համար։ Ինչպես ասում են՝ «ջաններս պիտի յուղենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930