Մակրոնը Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ՝ վերահաստատելով Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։

«Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն նեղուցի շրջափակումը։ Մենք պետք է կայուն կերպով վերադառնանք հակամարտությունից առաջ գերիշխող նավագնացության լիակատար ազատության ռեժիմին», – նշել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կողմից ստեղծված բազմազգ առաքելությունը կարող է օգնել վերականգնել նավատերերի և ապահովագրողների շրջանում վստահությունը։

««Շառլ դը Գոլ» ավիակրի նախնական տեղակայումը տեղավորվում է այս համատեքստում։ Վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս նման առաքելության օգտակարությունը։ Ես հորդորել եմ Իրանի նախագահին օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ քննարկել այս հարցը նախագահ Թրամփի հետ», – նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ըստ Reuters գործակալության՝ մայիսի 6-ին Ֆրանսիան իր ավիակիր հարվածային խումբը տեղակայել է Կարմիր ծովում՝ Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովելու հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու շրջանակում։

Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրադրության կարգավորումը կօգնի առաջ մղել միջուկային խնդրի, բալիստիկ հարցի և տարածաշրջանային իրավիճակի շուրջ բանակցությունները։

«Եվրոպացիները, որոնցից կախված է պատժամիջոցների վերացումը, կզբաղեցնեն իրենց տեղն այս գործընթացում», – գրել է նա։

Մակրոնը նաև հայտնել է, որ Փեզեշքիանի հետ զրույցում դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին և նավերին հասցված «անհիմն հարվածները»։

Իր հերթին, Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ միջազգային իրավունքի շրջանակում Իրանը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն՝ պատերազմն ավարտելու և իրանցի ժողովրդի իրավունքներն իրականացնելու համար, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Նա նաև նշել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվել է Իրանի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031