Հայոց ցեղասպանություն եզրի օգտագործման համար փակված թուրքական ռադիոկայանը բողոքարկում է որոշումը. «Ամերիկայի ձայնը»
«Acik Radyo-ն կարևոր է, քանի որ այն մշակութային կենտրոն է քաղաքական աջակից բազմաթիվ կազմակերպությունների, ՀԿ-ների, ակտիվիստների համար»,- ասում է Acik Radyo-ի ունկնդիր Էլիֆ Ունալը:
«Մի կողմից, իհարկե, սա շոկային է, մյուս կողմից, զարմանալի չէ՝ հաշվի առնելով, ինչ ուղղությամբ է ընթանում ողջ երկիրը: Կարծում եմ՝ կա ավելի քիչ ազատ խոսք, և ավելի շատ ճնշում»,- շում է Acik Radyo-ի ունկնդիր Մեթե Աթաթուրը:
Թուրքիայի մեդիա կարգավորող մարմինը՝ RTUK-ը, չեղարկել է ռադիոկայանի լիցենզիան՝ պնդելով, որ այն չի ենթարկվել ավելի վաղ տուգանքի և կասեցման որոշմանը:
Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի հյուր 1915 թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության մասին խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» եզրը: RTUK-ը նշել է, որ այդ մեկնաբանությունը հանրային ատելություն էր տարածում:
Մինչ Acik Radyo-ն վճարում էր տուգանքը, այն չէր դադարեցրել իր հեռարձակումները՝ նշելով, որ իրենք վիճարկում են նախնական որոշումը դատարանում:
Վերլուծաբանները համարում են կարգավորիչ մարմնի անցած ամսվա որոշումը որպես ավելի լայն միտման մաս:
«Այս որոշումը հատկապես մտահոգիչ է մեդիա բազմակարծության վերացման և մնացած փոքրամասնությունների ձայների թուլացման առումով և նպատակ ունի հասարակությանը պարտադրել մեկ պաշտոնական տեսակետ»,- ասում է Էրոլ Օնդերօղլուն՝ «Լրագրողներ առանց սահմանների» Թուրքիայի ներկայացուցիչը:
1995 թ. իր մեկնարկից ի վեր Acik Radyo-ն ձգտում է կամուրջ դառնալ Թուրքիայի խորը սոցիալական և քաղաքական բաժանարար գծերի միջև՝ կամավորների միջոցով ստեղծելով ու ներկայացնելով սոցիալական և մշակութային հաղորդումներ, որոնք ներկայացնում են երկրի բազմազանությունը, ներառյալ փոքրամասնություններին:
«Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը նշում է, որ ռադիոկայանը հարթակ էր Թուրքիայի հայկական փոքրամասնության համար:
«Մենք փորձել ենք լսելի դարձնել ոչ միայն հայկական համայնքի, այլև բոլոր մյուս փոքրամասնությունների՝ հունական, հրեական և ասորական համայնքների ձայները: Acik Radyo-ն արդեն իսկ բաց է բազմաթիվ ձայների համար, սակայն մենք փորձում էինք մեր հաղորդման մեջ ներկայացնել նույնիսկ ավելի անհայտ ձայներ»,- նշում է «Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը:
Ռադիոկայանի լայն տարածումը տեսնելով՝ ունկնդիրներն ու աջակիցները հավաքվել են բողոքելու լիցենզիայի չեղարկման դեմ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները աջակցում են ռադիոկայանին, և շատերը սա համարում են կառավարության՝ մեդիայի վրա վերահսկողությունը խստացնելու հերթական քայլ: Acik Radyo-ն որոշել է պայքարել:
Ռադիոկայանի համահիմնադիր Օմեր Մադրան ասում է. «Թուրքիայում ընդհանուր մթնոլորտը գնալով ավելի ճնշող է դառնում: Սակայն մենք վճռական ենք շարունակելու մեր պայքարը, և մենք ստացանք մեծ աջակցություն երկրի բոլոր շրջաններից»,- պնդում է Acik Radyo-ի համահիմնադիր Օմեր Մադրան:
Acik Radyo-ն վիճարկում է իր արգելքը դատարանում և ձգտում շարունակել օնլայն հեռարձակումը: Սակայն դրա համար նույնպես լիցենզիա է պահանջվում: