Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ մեծամասշտաբ Project Management Awards 2024 մրցանակաբաշխությունը

Այսուհետև Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ նախագծերն առարկայական ու անվանական կխրախուսվեն ոչ միայն ոլորտի հայաստանյան, այլև միջազգային պրոֆեսիոնալների կողմից։ Գեղեցիկ ավանդույթի հիմքը դրվեց նոյեմբերի 3-ին տեղի ունեցած լայնամասշտաբ Project Management Awards 2024 միջոցառմամբ։ Նախագծերի կառավարման ինստիտուտի՝ PMI Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներն արել են հնարավորն ու անհնարինը, գեղեցիկն ու արդյունավետը՝ մեկտեղած նախագածերն ի հայտ բերելու և խրախուսելու համար։

PMI Հայաստանի նախագահ Աստղիկ Սահակյանի խոսքով՝մրցանակաբաշխությունը ևս մեկ առիթ է, խոսելու ու ներկայացնելու Հայաստանում իրականացվող տարբեր նախագծերի մասին՝ գնահատականի արժանացնելու այն անձանց, որոնք կարողանում են այդ բարդ նախագծերն ու գաղափարները կյանքի կոչել։

Կարդացեք նաև

Աստղիկ Սահակյանը խոստովանում է՝ նախագծերի մեջ ընտրություն կատարելը շատ բարդ է եղել, թեպետ մրցանակները սահմանվել են չորս անվանակարգերում՝ Տարվա նախագծի ղեկավար, Նորարարության նախագծի ղեկավար, Կայունության նախագծի ղեկավար և Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար, բայց բոլոր դիմորդներն արժանի են մեծ գնահատականի։

Սա առաջին մրցանակաբաշխությունն է, որը հավակնում է դառնալ ամենամյա ավանդույթ։

Իր փորձով կիսվելու և Project Management Awards 2024-ին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև նախագծերի կառավարման ոլորտի համաշխարհային հեղինակություն, PMI-ի տնօրենների խորհրդի նախագահ Լուէնն Պիկարդը։ Սա Լուէնն Պիկարդի առաջին այցն է Հայաստան, ասում է՝ հասցրել է սիրահարվել Հայաստանին և տպավորվել է PMI Հայաստանի ծավալած գործունեությամբ

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, մենք հնարավորությունների սահմաններում կաջակցենք, որպեսզի ոլորտը բարգավաճի, ավելի ընդլայնվի Project Management-ը, որպեսզի բոլոր նախագծերը դառնան իրականություն։ Որքանով ես նկատեցի, Հայաստանում աճ կա կոնկրետ շինարարության, նորարարության ոլորտներում, կարելի է ասել՝ Հայաստանը դարձել է տեխնոլոգիական և ֆինանսական ՀԱԲ։ Հայաստանը լինելով փոքր երկիր՝ սերտիֆիկացված նախագծերի կառավարիչներով աշխարհում երրորդ տեղում է՝ քանակի առումով, ցանկանում ենք, նրանց թիվն ավելի աճի, ստանան սերտիֆիկատ և կարողանան իրենց գործունեությունն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով կատարել։

Տպավորված եմ PMI Հայաստանի գործունեությամբ, որ կարճ ժամանակահատվածում կարողացել են բարձրացնել գործունեության մակարդակը։

Նման մրցանակաբաշխությունները ցույց են տալիս, թե ինչպիսի նախագծեր են արվում Հայաստանում և ինչպիսի ազդեցություն ունեն հենց Հայաստանի վրա»,- իր խոսքում նշեց Լ. Պիկարդը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ևս բարձր է գնահատում PMI Հայաստանի գործունեությունը, շեշտելով՝ այս կառույցի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է։

PMI Հայաստանը PMI-ի տեղական մասնաճյուղն է և հիմնադրվել է 2015 թվականին։ PMI-ն աշխարհի առաջատար ոչ առևտրային մասնագիտական և ​​անդամակցության վրա հիմնված ասոցիացիա է՝ նախագծերի, ծրագրերի և պորտֆելի կառավարման մասնագետների համար: PMI-ն հիմնադրվելով 1969-ին՝ իր արժեքների շուրջ համախմբում է ավելի քան 2․9 միլիոն մասնագետների, ովքեր գործունեություն են ծավալում աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ գլոբալ հաղորդակցության, համագործակցության, կրթության և հետազոտության միջոցով:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին PMI Հայաստանի և ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Այս համալսարանն առաջիններից էր, որ 2017 թվականից ունեցավ մագիստրոսական ծրագիր՝ նախագծերի կառավարման համար, ծրագրի հիմքում ընկած է Նախագծերի կառավարման ինստիտուտի ուղեցույցը։

Տարվա նախագծի ղեկավար անվանակարգում մրցանակը շնորհվեց Դավիթ Ծերունյանին՝ 2022 թվականին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախագծի համար։

Նորարարության նախագծի ղեկավար անվանակարգում մրցանակը բաժին հասավ Նարինե Իսկանդարյան, e-Disability հարթակ, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի համար:

Կայունության նախագծի ղեկավար անվանակարգում հաղթեց Էլեն Մանուկյանը՝ Հայաստանի նորաձևության և տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկոհամակարգի ստեղծման համար, իսկ Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար անվանակարգում հաղթեց Լիա Հարությունյանը՝ Սոցիալական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման համար։

Դավիթ Ծերունյանի կարծիքով՝ մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իր նախագծի մեծամասշտաբ լինելը:

Ներկայացված նախագծերը խոշոր են և պետական մասշտաբով կարևորություն ունեն, ի ցույց են դնում նախագծերի կառավարման կարևորությունը՝ հատկապես խոշոր ծրագրեր իրականացնելիս։

Մրցանակաբաշխությանը զուգահեռ՝ պետական կառավարման ոլորտի տարբեր ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով ու զեկույցներով՝ կիսվելով պետական նշանակության նախագծերի կառավարման իրենց փորձառությամբ։

Մրցանակակիրները և մրցանակաբաշխությանը մասնակցող ծրագրերի կառավարիչները մեծ ոգևորությամբ ու սիրով հեռացան՝ հաջորդ տարվա համար պատրաստելու և ներկայացնելու խոշոր նախագծեր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս