Բաժիններ՝

ԵՄ-ն և Ճապոնիան ռազմավարական և պաշտպանական գործընկերության շուրջ համաձայնագրեր են կնքել

Եվրամիությունը և Ճապոնիան կնքել են ռազմավարական գործընկերության, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության համաձայնագիր։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փոխանակել են փաստաթղթերը Տոկիոյում տեղի ունեցած արարողության ընթացքում։ Իվայան հայտնել է, որ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին։ 

«Բացի այդ, մենք համաձայնության ենք եկել անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության շուրջ», – հավելել է նա՝ նշելով, որ Ճապոնիան առաջինն է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ:

Բորելը նույնպես նշել է, որ դա «համագործակցության առաջին նման ծրագիրն է պատմության մեջ, որը կնքվել է Եվրամիության կողմից» տարածաշրջանի երկրի հետ։ Նրա կարծիքով՝ այն թույլ կտա ամրապնդել անվտանգությունը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ուղղված կլինի «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ապագայի» կառուցմանը:

Ավելի ուշ կողմերը կանցկացնեն ռազմավարական երկխոսության առաջին նիստը և կքննարկեն ոչ միայն համագործակցության, այլև տարածաշրջանային հարցեր։Ավելի վաղ Բորելը Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ։ Տոկիոյից հետո Բորելը կմեկնի Կորեայի Հանրապետություն։ Սեուլում նա կհանդիպի Հարավային Կորեայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև կայցելի Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս