Սասուն Միքայելյանը հերքեց Փաշինյանին՝ Քաղպայմանագրի ներքին խոհանոցը ներկայացրեց հանրությանը. Հայկ Նահապետյան
Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում» անկեղծորեն արտահայտվել է՝ ցույց տալով իշխանության որդեգրած գիծը՝ ասելով, որ «սահմանազատում ու սահմանագծում անում են, քանի որ Ադրբեջանի հետ չենք կարող կռվել»։
«Նա պարզ ասաց, որ սահմանազատումը հայկական կողմից զիջման միջոց է։ Սասուն Միքայելյանը պարզ ներկայացրեց իշխանությունների ներքին խոհանոցը, հավանաբար գիտակցել է, որ արտահոսք է արել, քանի որ նա այս իշխանությունների ամենանվիրյալ ու հավատարիմ մարդկանցից մեկն է, ներառյալ՝ Փաշինյանի, որպես մտերիմ ընկերոջ։
Կրկնում եմ՝ Սասուն Միքայելյանն ասաց այն, ինչը մենք տևական ժամանակ ասում էինք, որ այս սահմանազատումն ու սահմանագծումը զիջում է Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանն ու նրա որոշ «խոսափողներ» պնդում էին, որ սահմանազատումը զիջում չէ, բայց Սասուն Միքայելյանը հերքեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ սահմանազատումը զիջում է, որ եթե չանեն՝ կռիվ կլինի, ու այդ կռվում իրենք կպարտվեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Այս համատեքստում Հայկ Նահապետյանը նաև հիշեցրեց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ասածները Ոսկեպարում, որ՝ «եթե սահմանազատում ու սահմանագծում չանեն, որոշ հատվածներ չտան Ադրբեջանին, ապա 1-2 շաբաթ հետո պատերազմ կլինի»։
«Այս առումով շնորհակալություն Սասուն Միքայելյանին, որ Քաղպայմանագրի ներքին խոհանոցը ներկայացրեց հանրությանը»,- հավելեց փորձագետը։
Հայկ Նահապետյանն անդրադարձավ նաև Ներքին Հանդի հատվածից Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերին, որտեղ օրերս այցելել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։
Ըստ ադրբեջանական կողմի, «հայկական կողմը Ֆրանսիայի օժանդակությամբ սադրանք է նախապատրաստում»։
«Ներքին Հանդը ռազմավարական նշանակության բարձունքներ ունի, ովքեր քիչ թե շատ զինվորական գործից հասկանում են, այս մասին կվկայեն։ Բայց Ֆրանսիայի դեսպանի այցն անլուրջ պատրվակ է, որ ադրբեջանական կողմն օգտագործի ու սադրանքների դիմի։ Ադրբեջանն այլ պատրվակ կարող է բերել՝ ռազմական էսկալացիայի դիմելու համար, քանի որ ավելի վաղ Սյունիք էր գնացել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Խնդիրը պարզ ասեմ՝ այստեղ խոսքը վերաբերում է այն վերահսկողությանը, որն արտահայտված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում և որը դրված է ռուսական կողմի վրա։ Ակհայտ է, որ այս ամենը փորձում է ձախողել Փաշինյանը, իսկ ռուսական կողմն իրեն պարբերաբար զգուշացնում է՝ չանել»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ իրականացնում է չհայտարարված կոնկրետ զսպումների մեխանիզմ՝ պատժամիջոցներ, և այդ համատեքստում մոտ 40 անձանց՝ հիմնականում գործարարների, արգելել է մուտք գործել ՌԴ։
«Ժամանակին, երբ հավաքական Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ սկսեց պատժամիջոցներ կիրառել, առաջինը դա անձանց մուտքի արգելքն էր ԵՄ, ՆԱՏՕ անդամ երկրներ։ Եթե Փաշինյանը խելքի չգա, չեմ բացառում, որ նաև այլ պատժամիջոցներ սահմանվեն, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գրավոր պարտավորություն է ստանձնել ռուսական հարթակով ապաշրջափակման հարցերը լուծել, բայց «խաղեր» է տալիս, ապա ինչ-որ պահ է գալու, որ ռուսական կողմն ավելի կոշտ է լինելու։ Առավել ևս, որ Ռուսաստանի համար հիմա նպաստավոր պայմաններ կան»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։