Այս տարի զբոսաշրջային հոսքերի միջոցով Ռուսաստանից առնվազն 180-200 մլն դոլարով քիչ գումար է եկել Հայաստան
Վերջին տարիներին զբոսաշրջությանը հատկացված բյուջետային գումարներն էապես ավելացրել են, իբր զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար, սակայն հակառակն է տեղի ունենում։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն այս տարի էապես նվազել է։ 9 ամսում 130.000-ով ավելի քիչ այցելու է եղել։
Եթե անցած տարի եկել էր 1 մլն 851.000 զբոսաշրջիկ, այս տարի եկել է 1 մլն 721.000։
Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունները նվազել են։
Նվազել է հատկապես Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների քանակը։
Այս տարվա ինն ամսում Ռուսաստանից 205.000-ով ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել։
Նախորդ տարի զբոսաշրջիկների կեսից ավելին Ռուսաստանից էին, այս տարի ընդամենը 42 տոկոսն են. 931.000-ի դիմաց՝ եկել է 721.000 զբոսաշրջիկ։
Ռուսների համար Հայաստանը նախկինի նման այլևս գրավիչ երկիր չի համարվում՝ առաջին հերթին բարձր գների պատճառով։ Բայց գները միակ պատճառը չեն։
Հայտնի հանգամանքների բերումով՝ վերջին երկու տարիներին Հայաստանը ռուսների համար դարձել էր ճամփորդության հիմնական ուղղություններից մեկը, ինչն էլ հանգեցրել էր ռեկորդային քանակությամբ զբոսաշրջիկների այցելության։ Բայց որոշ մարդկանց ագահության, հայկական «հյուրասիրության» ու իշխանությունների իրականացրած քաղաքականության հետևանքով՝ դա էլ կարճ տևեց։ Ոչ միայն զբոսաշրջային հոսքերն են կրճատվել, այլև ռելոկանտներինը։ Շատերն էլ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո տեղափոխվել ու հաստատվել էին Հայաստանում, բախվելով բազմաթիվ խնդիրների, կարճ ժամանակ հետո հեռացան։
Այնպես արեցին, որ այդ աղբյուրն էլ չորանա։ Միանգամից հարստանալու մոլուցքով տարված՝ համատարած բարձրացրեցին առաջարկվող ծառայությունների գները։ Բազմաթիվ ոլորտներում անհարկի ու չարդարացված թանկացումներ արձանագրվեցին։ Բնակարանների վարձակալության գները սկսել էին գերազանցել անգամ մոսկովյան գներին։
Նույնը նաև հանրային սննդի ու ծառայությունների պարագայում տեղի ունեցավ։
Արդյունքում՝ Հայաստանը դարձավ ու շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը։ Արտաքուստ գնաճը ցածր է, բայց գները չափազանց բարձր են։
Գնաճ, անշուշտ, բոլոր երկրներում էլ կա, բայց հայկական գնաճը բոլորովին ուրիշ բան է՝ ցածր է, սակայն գները չարդարացված բարձր են։ Սա մի երևույթ է, որի պատճառները շատերի համար անբացատրելի են դարձել։
Բարձր գների պատճառով՝ Հայաստանում զբոսաշրջությունն էապես թանկացել է։
Զբոսաշրջային փաթեթները թանկացան ու դադարեցին մրցունակ լինել նաև դրամի չափից դուրս ամրապնդման հետևանքով։ Այդ երևույթն առկա է՝ ինչպես դոլարի ու եվրոյի, այնպես էլ՝ հատկապես ռուսական ռուբլու պարագայում։
Ծախսերի ավելացումը զսպում է զոսաշրջային հետաքրքրությունները։
Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերի կրճատումը, իհարկե, միայն թանկացումով չի պայմանավորված։ Դրան նպաստեց նաև իշխանությունների իրականացրած հակառուսական քաղաքականությունը, երկու երկրների միջև քաղաքական լարվածության խորացումը, հայաստանյան բանկերի կողմից ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման դադարեցման որոշումը, որը Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերի ապահովման կարևոր գործոններից մեկն էր։
Վերջին շրջանի քաղաքական սրացումներից հետո, որքան էլ զավեշտալի լինի, փոխվել է իշխանությունների վերաբերմունքը նաև Ռուսատանից սպասվող պոտենցիալ զբոսաշրջային հոսքերի նկատմամբ։ Դադարեցրել են պետական մակարդակով մասնակցել Ռուսաստանում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչը կարևոր գործոն է երկրի զբոսաշրջային առավելությունները ներկայացնելու համար։
Այս ամենը բերեց նրան, որ ավելի քիչ ռուսներ են սկսել նախընտրել հայաստանյան ուղղությունը, ինչն էլ հանգեցրել է զբոսաշրջային այցերի կրճատման։ Դրա հետևանքով միլիոնավոր դոլարներ չեն մտել Հայաստան։
Եթե հաշվի առնենք, որ մեկ զբոսաշրջիկ Հայաստանում թողնում է 900-1000 դոլար, կստացվի, որ այս տարի զբոսաշրջային հոսքերի միջոցով Ռուսաստանից առնվազն 180-200 մլն դոլարով քիչ գումար է եկել։
Դժվար է հասկանալ, թե սա ում է ձեռնտու։ Ամեն դեպքում, քաղաքացիներին ու տնտեսությանը վնաս է։
Վնաս է նաև պետական բյուջեի համար, որը չի ստացել դրանց շրջանառությունից գոյացող միլիարդավոր դրամների հարկերը։ Բազմաթիվ այլ գործոններից բացի, նաև սրանով է պայմանավորված, որ այս տարի բյուջեն բախվել է ֆինանսական խնդիրների հետ։ Նախատեսված բյուջետային միջոցները չեն կարողանում ամբողջությամբ ապահովել, բավական մեծ ճեղք է առաջացել հարկային եկամուտների կատարողականի առումով։ 9 ամսում 150 մլրդ դրամ եկամուտ չի ստացվել։ Տնտեսական գործընթացները դանդաղել են՝ հանգեցնելով բյուջեի եկամուտների թերակատարումներին։ Զբոսաշրջությունն այս շղթայի օղակներից մեկն է, որն իր ազդեցությունն է ունեցել՝ ինչպես բյուջեի հարկային մուտքերի ապահովման, այնպես էլ՝ տնտեսության վրա։
Ոլորտում առկա միտումները ցույց են տալիս, որ չնայած ստեղծված նպաստավոր պայմաններին ու անսահման հնարավորություններին, կառավարության իրականացրած քաղաքականությունն այստեղ էլ ձախողվել է։ Զբոսաշրջային հոսքերն ավելանալու փոխարեն՝ զգալիորեն նվազել են։
Մինչդեռ հայտարարում էին, որ առաջիկայում ավելի մեծ բարձունքների ենք հասնելու, Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը նոր ռեկորդներ է գրանցելու, բազմաթիվ զբոսաշրջային կլաստերներ են ձևավորվելու, զբոսաշրջության նոր բրենդինգն է սկսել աշխատել, ինչը տարբեր շուկաներում բավական հաջող ներկայացնում է Հայաստանը։ Ունենք այն, որ Հայաստանը կորցրել է զբոսաշրջային հետաքրքրությունն ու գրավչությունը, ինչն էլ հանգեցրել է զբոսաշրջային հոսքերի էական կրճատման՝ իր տնտեսական ու ֆինանսական հետևանքներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ