Անդրանիկ Քոչարյանը բարենպաստ, հանդարտ գործընթացների պարագայում 44-օրյային առնչվող զեկույցի վերաբերյալ Ալեն Սիմոնյանին նամակ կուղարկի՞. նոր ժամկետ է նշվում
Սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, և որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակում։
Հաշվի առնելով, որ հոկտեմբերն ավարտվում է, և ոչ մի տեղեկություն չկա այս մասին, 168.am-ը հոկտեմբերի 29-ին գրավոր հարցում է ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու.
1. Արդյո՞ք նամակը ԱԺ նախագահին ուղարկվել է, եթե ոչ, ապա ե՞րբ է ուղարկվելու:
2. Քննիչ հանձնաժողովի զեկույցը ո՞ր գերատեսչություններին է ուղարկվել:
3. Քննիչ հանձնաժողովի զեկույցը միայն դռնփա՞կ է ներկայացվելու, թե՞ լինելու է նաև բաց մաս:
4. Խորհրդարանական ընդդիմությունը ծանոթացե՞լ է զեկույցին, եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Հոկտեմբերի 31-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ, իր պատասխան գրության մեջ հայտնել է.
«Ի պատասխան Ձեր 29.10.2024թ. գրության՝ հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Քննիչ հանձնաժողով) զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցը կուղարկվի համապատասխան գերատեսչություններ: Քննիչ հանձնաժողովի զեկույցն առայժմ չի ուղարկվել որևէ գերատեսչության: Իսկ զեկույցի բաց կամ փակ լինելը կորոշվի միայն գերատեսչությունների կողմից համապատասխան կարծիք ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից զեկույցին ծանոթանալուն, մեր նախորդ պատասխան գրություններում տեղեկացրել ենք Ձեզ, որ խորհրդարանական ընդդիմությունը երբևիցե չի մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և չի ծանոթացել հանձնաժողովի արձանագրություններին, ուստի նրանք, ինչպես նաև այն պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության համապատասխան աստիճան, կծանոթանան զեկույցին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լիագումար նիստում այն ներկայացնելուց հետո, երբ զեկույցը կլինի Ազգային ժողովի առաջին բաժնում»:
Արձանագրենք, որ Անդրանիկ Քոչարյանը չի նշել, թե ո՞ր գերատեսչություններին են ուղարկելու Քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ վերջերս էլ մեր գրավոր հարցմանը, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվե՞լ է Պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբ, պաշտպանական գերատեսչությունը համարել էր պետական գաղտնիք պարունակող և մերժել տեղեկություն տրամադրել, թեպետ մեր այս հարցադրման մեջ գաղտնիության հետ կապված որևէ խնդիր չկար, և պետք էր ընդամենը պատասխանել՝ այո կամ ոչ:
Ինչ վերաբերում է նրան, որ Ալեն Սիմոնյանին Անդրանիկ Քոչարյանը դեռ նամակով չի դիմել զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար, և դրա համար հիմա էլ այլ ժամկետ է նշվում՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակ, չպետք է անտեսել սեպտեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանի մի ուշագրավ ձևակերպում.
«Բարենպաստ, հանդարտ գործընթացների պարագայում հոկտեմբեր ամսին ես՝ որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, նամակով կդիմեմ ԱԺ նախագահին, որպեսզի նիստ հրավիրի….»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ հոկտեմբերին բարենպաստ պայմաններ կամ գործընթացներ չեն եղել զեկույցի վերաբերյալ նամակն ԱԺ նախագահին ուղարկելու և պատերազմի պատճառները ներկայացնելու համար, և նման համապատասխան հանդարտ գործընթացներ կամ պայմաններ չեն ակնկալվում նաև նոյեմբերին:
Այս համատեքստում հավելենք, որ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր անվան շուրջ վերջին օրերին շրջանառվող լուրերին, որ ինչպես «Ազատությունն» էր հայտնել, «ՔՊ-ականները մտադիր էին բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը», ինչը ՔՊ-ականները հերքել էին, միևնույն ժամանակ հայտնել կարգապահական վարույթի մասին, Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ այս ամենը սկսվել է հոկտեմբերի 15-ին իր ղեկավարած հանձնաժողովի հրավիրած լսումներից հետո՝ ուժային կառույցների մասնակցությամբ: Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նաև ակնարկել էր, որ ինքը միամիտ մարդ չէ և հասկանում է՝ այս լուրերը պատահական չեն:
«Լուրերը պատահական չեն, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դնում: Տեսեք ինչ 3 կառույց եմ ղեկավարել՝ Մարտի 1-ի փաստահավաք խումբ, Ապրիլյան քառօրյայի Քննիչ հանձնաժողով, 44-օրյայի Քննիչ հանձնաժողով»:
Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանն իր համար էր միայն զեկույցի ներկայացման բարենպաստ և շահեկան պահի սպասում, և այդ ի՞նչ ոչ բարենպաստ գործընթացներ են առաջացել հոկտեմբերին և դրանից հետո։