Ադամ Շիֆը Բարաք Օբամային կոչ է արել ապրիլի 24-ին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայ-ամերիկյան Asbarez թերթի փոխանցմամբ՝ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել ապրիլի 24-ին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իր նախագահության շրջանում Օբաման ամեն տարի ելույթ է ունենում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ, սակայն ամեն անգամ խուսափում է «ցեղասպանություն» բառը գործածելուց: Օբամային հասցեագրած նամակում Շիֆը նշել է.
«Ես Ձեզ կոչ եմ անում այս տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր ելույթում օգտագործել «ցեղասպանություն» բառը և կանգնել մշտապես կրճատվող ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև նրանց կողքին, որոնց մենք կորցրել ենք: Հակառակ դեպքում նրանք շարունակելու են տառապել անտեսվելուց, (հոգեբանական) վնասվածքներից ու ժխտողականությունից:
Որպես սենատոր՝ Դուք հաճախ եք Օսմանյան կառավարության կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն, ինչի հետ համակարծիք է պատմաբանների մեծ մասը, այդ թվում նաև մի շարք հայտնի թուրք պատմաբաններ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի մի շարք տեղական (նահանգային) իշխանությունների կողմից»: