Բաժիններ՝

«Ժողովուրդը թունավորվում է. բնակիչները չեն բարձրաձայնում, ինձ էլ ասում են՝ չե՞ս վախենում, որ քեզ վնաս կտան. Քաղաքացին կրկին ահազանգում է

Վերջերս 168.amանդրադարձել էր Արաբկիր վարչական շրջանի բնակչի՝ Սարգիս Հարությունյանի ահազանգին, որ շինաղբը մարդիկ կուտակում են «Կորեայի ձոր» հատվածում՝ բնակելի շենքերի հարևանությամբ, սակայն պատկան մարմինները որևէ բան չեն անում։

Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցեցին՝ Արաբկիրի վարչականն էլ, մյուս կառույցներն էլ դեպքի մասին տեղյակ են։

«Այսօր և վաղը շինարարական ընկերությունների հետ նախատեսվում են հանդիպումներ, այսինքն՝ այն ընկերությունների, որոնք կարող են կապ ունենալ աղբը տեղափոխելու հետ։ Այս հանդիպումների շրջանակներում ևս մեկ անգամ զգուշացվելու է, որ շինարարական աղբը բացառապես պետք է տեղափոխել դրա համար սահմանված աղբավայրեր, մասնավորապես՝ Նուբարաշեն։ Եթե կրկին նման դեպքեր եղան, անպայման կիրառվելու է որոշակի վարչարարություն։

Բացի այդ, այսօր ոստիկանության աշխատակիցների հետ գնալու են այն խնդրահարույց բոլոր հատվածները, մասնավորապես՝ Արաբկիրում, որտեղ պարբերաբար այդ շինարարական աղբը դատարկելու հետ խնդիր է առաջանում։ Արաբկիրում այս երևույթը հիմնականում Կորեայի ձորում է, բայց մեկ հատված էլ կա, որտեղ պարբերաբար աղբ է դատարկվում՝ այդ հատվածում էլ կլինեն ոստիկանները, թաղապետը, մյուս պատկան մարմինների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք այս ամենի դեմն առնել»,- ասել էին Քաղաքապետարանի լրատվական վարչությունից։

Կարդացեք նաև

Օրերս Սարգիս Հարությունյանն ասաց, որ խնդիրը դեռ չի լուծվել՝ շինաղբը շարունակում են լցնել այս հատվածում։

«Քաղաքապետարանից որևէ մեկը չի եկել, ոստիկանության թաղայինների տեսուչն է եկել, ու վերջ։ Տեսուչին տարել, ցույց եմ տվել, ու ինչպես հասկացա՝ տեղեր կան, որտեղ բլոկ են դրել, բայց դրանք հանում-գցում են, աղբը լցնում են։ Մեկ շաբաթ է՝ չեն բերում աղբը, բայց իրավիճակը չի փոխվել, այլ տեղ են տանում թափում։ Որտեղ աղբը լցնում են, դրա ներքևի հատվածում բոլորն ամառանոցներ են, որոշ տներում մարդիկ մշտապես ապրում են։

Բնակիչները տեսնում, դժգոհում են, բայց չեն բարձրաձայնում, ինձ էլ ասում են՝ չե՞ս վախենում, որ քեզ վնաս կտան։ Ինքս, չորս տարի է՝ եկել եմ Հայաստան, ես այլ կերպ եմ այս ամենին նայում, իրենք՝ այլ։ Տարբեր են իմ հայացքները՝ երկրի հետ կապված, ու իրենց հայացքը։ Հիմա, որ իրենք ձայն չեն հանում, չի նշանակում, որ նորմալ է»,- 168.am հետ զրույցում նշեց Սարգիս Հարությունյանը։

Նրա խոսքով՝ աղբը լցնելու ժամանակ զանգահարել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունից որևէ մեկը չի գնացել, 8 ահազանգ է արել, առանց արձագանքի։ Նա նաև ասաց, որ սա նոր բան չէ՝ երեք տարի է՝ այս պայքարի մեջ է, բոլոր ինստիտուտներին ահազանգել է՝ բնապահպանական կառույցներից մինչև քաղաքապետարան։

«Բոլոր տեղերը դիմել եմ, գնացել եմ քաղաքապետարան, կոմունալ տնտեսության վարչության պետին եմ կանչել՝ Կարոյանին։ Քաղաքապետարանն ամրոց է, այնտեղ դժվար է ինչ-որ մեկին տեսնել, մաքսիմում կարող ես մի բաժնի պետի տեսնել, այն էլ՝ չգիտեմ, թե ինչ պայքարով։ Ավինյանի մասին դեռ չեմ խոսում, այնտեղ թագավոր է, ոչ մտնել, ոչ մի բան։

Կարոյանն ասել է, որ հունվարից հետո մեծ գործողություններ են անելու, տեսախցիկներ են դնելու, բայց պարզ է՝ հեքիաթներ են։ Կարծում եմ, բոլոր էլ տեղյակ են, հիմա այստեղ չթափեցին, տարան ձորի մյուս կողմում թափեցին, ի՞նչը փոխվեց։ Երեկ անցնում էի, նույն բեռնատարները ձորի մյուս հատվածում են թափում, դարձրել են աղբանոց։

Այստեղ տարածքը կիսվում է, աջ հատվածում Արաբկիրն է, ձախը՝ Կոտայքը, բերել այնտեղ էին լցնում, ոստիկաններ եմ կանչել, եկել մի բեռնատարին մի կերպ բռնել են։ Հետո էլ ասացին, թե թույլտվություն ունի, իր սեփական հողատարածքն է, աշխատանքներ է կատարում։ Ասել եմ, որ ես էլ հողատարածք ունեմ, բայց դա չի նշանակում, որ կարող եմ իմ հողատարածքում ինչ ուզեմ, անեմ։ Եթե ինքն այդ նպատակով է հողն օգտագործում, այդ հողի նշանակությունը պետք է փոխի, օրենք գոյություն ունի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց, որ փաստաթղթեր է հավաքել ու ուղարկել է ՊՎԾ, որտեղից տեսուչ է եկել, նրան ներկայացրել է ամբողջ խնդիրը, արձանագրություն է կազմել, և տեսուչի խոսքով՝ ուղարկել են Նիկոլ Փաշինյանին։

«Ես ուզում եմ, որ այս խնդիրը լուծվի, որովհետև ժողովուրդը թունավորվում է, որովհետև աղբը հետո վառում են, ամբողջ ծուխը տարածվում է տարածքում։ Այս հարցին պետք է ինստիտուցիոնալ լուծում տրվի, ու միայն այս տարածքը չէ, ամբողջ երկրում սա է»,- եզրափակեց Սարգիս Հարությունյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից 168.am-ին փոխանցեցին, որ քաղաքապետարանի կողմից շրջայցերն ամենօրյա բնույթով շարունակվում են, սակայն խնդիրը շարունակում է մնալ և խնդրի լուծումն առարկայական տեսնում են առաջիկայում նախատեսվող համայնքային կամ մունիցիպալ ոստիկանության ներդրման համատեքստում, որպեսզի հսկողությունն ամեն ժամ լինի։

«Դրանով անդադար հսկողություն կլինի։ Ներկայիս օրենսդրությունը թույլ է տալիս անել այն, ինչը մեր լիազորությունների սահմաններում է։ Բայց մենք գործ ունենք այս արատավոր երևույթի հետ, որ քաղաքացիները մտածում են, թե «Կորեայի ձորը» թաքնված տեղ է, աղբը լցնում են՝ առանց մտածելու դրա հնարավոր վատ հետևանքների մասին»,- նշեցին Քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Տեսանյութեր

Լրահոս