Բաժիններ՝

Շինարարական աղբը կուտակվում է Արաբկիր վարչական շրջանում. ինստիտուտները «սատկած» են. Ահազանգում է քաղաքացին

Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակում՝ ահազանգելով, որ շինարարական աղբը բեռնատարներով բերում-թափում են Արաբկիր վարչական շրջանում գտնվող ձորում, որտեղ տեղադրված են «Վեոլիա ջուր» ընկերության խողովակները։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է վաղ առավոտյան բեռնատարը շինաղբը թափում ձորակում։

«Զանգել, ահազանգել ենք է՛լ Բնապահպանություն, է՛լ Ոստիկանություն, բոլոր ինստիտուտները սատկած են երկրում՝ ոչ ոք չկա։ 45 րոպե առաջ զանգահարել ենք Ոստիկանություն, ոստիկան չկա, ոչ մեկը չկա, արդեն չորրորդ աղբի մեքենան է գալիս՝ 15-20 րոպեն մեկ գալիս են։ Էն որ ասում են՝ անտերություն, սրա մասին է խոսքը, նայեք, լցնում են խմելու ջրի խողովակի վրա»,- իր հրապարակած տեսանյութում ասում է Սարգիս Հարությունյանը։

168.amին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցեցին՝ Արաբկիրի վարչականն էլ, մյուս կառույցներն էլ դեպքի մասին տեղյակ են։

Կարդացեք նաև

«Այսօր և վաղը շինարարական ընկերությունների հետ նախատեսվում են հանդիպումներ, այսինքն՝ այն ընկերությունների, որոնք կարող են կապ ունենալ աղբը տեղափոխելու հետ։ Այս հանդիպումների շրջանակներում ևս մեկ անգամ զգուշացվելու է, որ շինարարական աղբը բացառապես պետք է տեղափոխել դրա համար սահմանված աղբավայրեր, մասնավորապես՝ Նուբարաշեն։ Եթե կրկին նման դեպքեր եղան, անպայման կիրառվելու է որոշակի վարչարարություն։

Բացի այդ, այսօր ոստիկանության աշխատակիցների հետ գնալու են այն խնդրահարույց բոլոր հատվածները, մասնավորապես՝ Արաբկիրում, որտեղ պարբերաբար այդ շինարարական աղբը դատարկելու հետ խնդիր է առաջանում։ Արաբկիրում այս երևույթը հիմնականում Կորեայի ձորում է, բայց մեկ հատված էլ կա, որտեղ պարբերաբար աղբ է դատարկվում՝ այդ հատվածում էլ կլինեն ոստիկանները, թաղապետը, մյուս պատկան մարմինների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք այս ամենի դեմն առնել»,- ասացին Քաղաքապետարանի լրատվական վարչությունից։

Մենք դիմեցինք նաև Ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչու չեն արձագանքում քաղաքացու ահազանգերին, ոստիկանությունից խնդրեցին փոխանցել հրապարակված տեսանյութը, ինչը արեցինք։

Տեսանյութեր

Լրահոս