Ինչքա՞ն կարելի է ստով կերակրվել, ստին պարգևավճար տալ, արդարացնել սեփական անտարբերությունը․ Սպարտակ Ղարաբաղցյան
Իհարկե, նայած մարդ, բայց հիմնականում երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, քեզ կարող է տիրել ապատիան և ինքնախաբեությունը, մանավանդ այս օրերին։ Հիմա արդեն ընդունված է ասել՝ 2018-ից կամ 44-օրյա պատերազմից հետո կարծես ինչ-որ սահման դնենք։ Բայց այդ սահմանները պետք է փոքր-ինչ հետ տանել և տեսնել, թե այդ ապատիան երբվանից է գալիս։ Այսօր արդեն դա շատ թափանցիկ և նկատելի է, շատերի համար դա փրկություն է՝ արդարացնելու սեփական չեզոքությունը կամ անտարբերությունը։ Բայց շատերի համար էլ դա ողբերգություն է։ Ինչքա՞ն կարելի է ստով կերակրվել, ստին պարգևավճար, հոնորար տալ։ Հիմա Հայաստանում սուտը վճարվում է, մեծ գումարներ են հատկացնում սուտ ասելու համար։ Ամբողջ աշխարհում է այդպես, մենք դրանից դուրս չենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը:
«Մարդիկ կան, որոնք ձևացնում են, թե մտահոգ են, բայց շատ լավ գիտես, թե ինչ է շնչում, շատերն այդ պարգևավճարներից օգտվում են։ Առաջ բանի տեղ չէին դնում, ասում էին՝ կանցնի, բայց հիմա մեծացել է այդ դաշտը։ Այս ամենը սկսվել է 90-ական թվականներից և ոչ այսօր։ Այս ճանապարհը նման է բարձրացող գետի կամ ծովի, երբ տեսնում ես, որ արդեն խեղդվում ես։ Հիմա մենք այդ վիճակի մեջ ենք, բայց սա էլ պետք է վերջ ունենա։ Ի վերջո, միայն մենք չենք, ամբողջ աշխարհն է այս թնջուկի մեջ։ Բայց մենք կարծես կամովին ենք գնացել այդ հորինված, սուտ աշխարհը։ Հիմա սթափվելու ժամանակն է։ Մանավանդ Արցախը դատարկվելուց առաջ ո՞ւմ հավատը կգար, որ նման բան կլինի, ոչ ոք չէր հավատա դրան։ 90-ականներից Արցախը տեսած, այդ ամենին մասնակցած մարդու աչքի առաջ ամբողջը մեկ վայրկյանում դարձավ անցյալ»,- ասաց արվեստագետը:
«Հնդկաստանում տարեկան մոտ տասը միլիոն մարդ է ծնվում, այսինքն՝ այնքան, որքան հայ ժողովուրդն է այստեղ և Սփյուռքում։ Իսկ Արցախում հայ չի ծնվում։ Աշխարհի որ երկրին մատդ դնես, հայ կա՝ Թուրքիայում, Իրանում, հնարավոր է՝ Ադրբեջանում էլ հայի ծնունդ կա, գոնե մեկ-երկուսը կծնվեն։ Բայց Արցախում հայ չի ծնվում։ Դա այն դեպքում, երբ չորս հազար տարի այդ երկրում հայի ճիչ ու ծնունդ է եղել, հարսանիքներ, կնունքներ ու մահեր։ Սա ի՞նչ է՝ հեքիա՞թ, թե՞ իրականություն։ Հազարամյակների ճանապարհ անցած ժողովուրդն ու կարճ հիշողությունը չեն բռնում իրար, պետք է հակառակը լիներ։ Զարմանալի է, թե այս ճանապարհն անցած ժողովուրդն ինչպես այսքան կարճ հիշողություն ունի։ Մկրատված հիշողությունն էլ է արհեստական»,- նշեց գրողը:
Ղարաբաղցյանի կարծիքով՝ մի պահ եկավ, երբ մենք սկսեցինք մեր ներսը նայել, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին. «Այդ ժամանակ գրականություն, արխիվային փաստաթղթեր լույս տեսան, ահագին բան պարզվեց։ Թվում էր, թե մենք դրանից պետք է հետևություններ անեինք։ 1915-23 թվականներին՝ Հայոց ցեղասպանության օրերին, հատուկ հրահանգ կար՝ ովքեր հայերին ապաստան տան՝ քուրդ լինի, թուրք, թե այլ մեկը, պետք է մահվան դատապարտվի։ Մեր պատմության մեջ նման մարդկային դրվագներ կան, երբ թուրքերը կամ քրդերը փրկել են հայերին։ Դա ոչ ոք չի ժխտում։ Բայց պետք է խորքը նայել՝ ինչի՞ համար էր դա արվում։ Օրինակ՝ Դեր-Զորի հայությունն ամբողջությամբ ձուլվել է, աղջիկներին ամուսնացնում էին իրենց տղաների հետ։ Նույնը՝ Թուրքիայում, նույնը՝ քրդերի հետ։ Հայերը պատվաստի համար լավ շիվեր էին»:
«Մի դրվագ կա, երբ քուրդն ապաստան է տալիս թուրքական բանակից փախած հային։ Նախատում է՝ ձեզնից զենքերն ուզեցին, տարաք, հանձնեցիք, բա ի՞նչ պիտի անեին, ձեզ գառան պես պիտի մորթեին։ Շարունակում է՝ մեզնից էլ ուզեցին, մենք չտվինք, դերսիմցիներից էլ ուզեցին, Դերսիմի քրդերն ասացին՝ եկեք, տարեք, բայց դիմադրություն ցույց տվին։ Եվ զարմանում է՝ այդ վիճակով դուք ուզում եք անկախությո՞ւն ունենալ, չե՛ք ունենա։ Մինչդեռ արցախյան ազատամարտի տարիներին մորթվելու հոգեբանությունը վերացել էր, այսինքն՝ մի մեծ բեռից թեթևացել էինք։ Բայց երեսուն տարի մենք մեր հաղթանակին տեր չկանգնեցինք։ Իսկ երբ հաղթանակին տեր չես կանգնում, այն անտեր է մնում»,- ամփոփեց հրապարակախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում