Բաց նամակ. Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը մտահոգված է նախաքննության ընթացքով
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը բաց նամակ է տարածել, որում մտահոգություն է հայտնում քննության ընթացքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել է նաև Ա.Պետրոսյանի մյուս եղբայրը այլ քրեական գործի շրջանակներում, որը թեև ուղղակի չի առնչվում գյուղապետի սպանությանը, բայց վերաբերում է գյուղապետի կենդանության օրոք տեղի ունեցած միջադեպին։ Պետրոսյան եղբայրների հոր՝ Արշալույս Պետրոսյանի կարծիքով, «փորձ է արվում արհեստականորեն ստեղծել տրամադրություն կամ համոզմունք, թե իբր որդիներիս և լուսահոգի Հ. Մուրադյանի միջև եղել է հակամարտություն և անհաշտ հարաբերություններ»:
Կից կարող եք ծանոթանալ բաց նամակին ամբողջությամբ.
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի պարոն նախագահ
Հարգելի պարոն Հովսեփյան
Հարգելի պարոն Գասպարյան
Ս.թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը:
Նույն օրը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են որդիներս՝ Արայիկ և Արտակ Պետրոսյանները: Արտակին բաց թողնելուց հետո մյուս որդուս՝ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ որպես խափանման միջոց դատարանի կողմից կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամկետով:
Թե ինչ հիմքերի հիման վրա է նախաքննություն իրականացնող մարմինը հանգել հետևության, որ որդիս կարող է որևէ առնչություն ունենալ գյուղապետի սպանության հետ, ոչ միայն ինձ, այլև Պռոշյան համայնքի ճնշող մեծամասնության, այդ թվում և լուսահոգի Հ. Մուրադյանի մերձավոր հարազատների համար մնում է անհասկանալի և անհավատալի:
Օբյեկտիվորեն չունենալով սպանության հանգամանքների հետ որևէ աղերս ունեցող փաստ, նախաքննության մարմինը հղում է կատարում որդուս դեմքին և նրա կողմից այդ օրը վարած ավտոմեքենայի սրահում հայտնաբերված «անտիմոն» տեսակի նյութին, որն իբրև թե հանդիսանում է կրակոցի արգասիք:
Այդ կապակցությամբ որդիս տվել է համապատասխան բացատրություն, որ այդ օրը առնչվել է ավտոմեքենայի մարտկոցի հետ, որի մեջ, ըստ մասնագետների, նույնպես կա «անտիմոն» տեսակի նյութ:
Այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ, որդիներս որևէ շարժառիթ չունեին կատարելու նման հանցագործություն, ավելին՝ լուսահոգի Հ. Մուրադյանի հետ ունեցել են նորմալ, մարդկային հարաբերություններ:
Մենք ինքներս նույնպես շահագրգռված ենք, որպեսզի օր առաջ բացահայտվի կատարված հանցագործությունը, և մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Սակայն գործի շրջանակներում կատարվող միջոցառումներն արդեն իսկ մտահոգության տեղիք են տալիս: Ավագ որդուս՝ Արտակին, որին բաց էին թողել բացատրություն վերցնելուց հետո, երեկ կրկին ձերբակալել են՝ դեռևս ութամսյա վաղեմություն ունեցող մի փոքրիկ միջադեպի կապակցությամբ, որը որևէ հետևանք չի ունեցել:
Ըստ ամենայնի՝ փորձ է արվում արհեստականորեն ստեղծել տրամադրություն կամ համոզմունք, թե իբր որդիներիս և լուսահոգի Հ. Մուրադյանի միջև եղել է հակամարտություն և անհաշտ հարաբերություններ: Ավելին՝ այս ամենի նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով գտնել «հետքեր», որոնք «կհիմնավորեն» որդիներիս առնչությունը Հ. Մուրադյանի սպանության հետ:
Հարգելի պարոնայք, խորապես համոզված լինելով, որ կատարվել է իր բնույթով քստմնելի հանցագործություն, որի հետևանքով կյանքից զրկվել է 4 անչափահաս երեխաների հայր, միաժամանակ գտնում եմ, որ արդարացի չէ զոհասեղանի վրա դնել երկու անմեղ երիտասարդների և վերջիններիս երիտասարդ ընտանիքների ճակատագիրը:
Ուստի, հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը, հետևանքները, մարդկայնորեն խնդրում եմ՝ անմիջական հսկողության տակ վերցնել հասարակական հնչեղություն ձեռք բերած քրեական գործի նախաքննության ընթացքը, ապահովել առավելագույն թույլատրելի թափանցիկություն, հրապարակայնություն, իրականացնել օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, կապացուցվի որդիներիս անմեղությունը:
Հակառակ պարագայում, սպանությունը բացահայտելու նպատակով բացառապես որդիներիս վրա սևեռվելու, այլ վարկածներ բացառելու նախաքննություն իրականացնող մարմնի դրսևորող վարքագիծը չի ներշնչի որևէ վստահություն և հավատ, արդյունքում կխաթարվի անմեղ որդիներիս ճակատագիրը, իսկ իրական հանցագործները կմնան ազատության մեջ:
Հարգանքով՝ Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայր՝
Արշալույս Պետրոսյան