Ժողովրդին ձեռ են առնում
Պատրաստվում են հաջորդ տարվա սկզբից Երևանի քաղաքային տրանսպորտը 2-3 անգամով թանկացնել, տրանսպորտի թանկացման դեմ ժամանակին կուրծք ծեծող Տիգրան Ավինյանն ասում է՝ դա մարդկանց բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա. Մի մասի համար տրանսպորտի գինը նույնիսկ կիջնի, մյուս մասի համար էլ մի փոքր կավելանա։
«Տրանսպորտի գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա։ Բերվել է մեկ միասնական տրամաբանության, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում է իրականացվում։
Իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ դա իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի»,- տրանսպորտի ուղեվարձի սպասվող կտրուկ բարձրացումից առաջ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ է դնում ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Եթե 2-3 անգամ թանկացումը շատ էական թանկացում չէ, ո՞րն է էական թանկացումը։ Երևի պիտի 10-15 անգամ թանկանար, որ ասեին՝ էական թանկացում է։ 2-3 անգամն ի՞նչ է որ այս մարդկանց համար։ Սովորել են 10-15 անգամով թանկացնել, ինչպես արեցին ավտոկայանատեղիների վճարների պարագայում. 13 անգամով թանկացրեցին, բայց այդպես էլ որևէ խնդիր չլուծեցին, բացի այն, որ քաղաքացիների գրպանի հաշվին անգամներով ավելացրեցին քաղաքապետարանի բյուջեն։ Ավելացրեցին, որպեսզի իրենց ճոխություններից չզրկեն, նոր ու թանկարժեք ծառայողական մեքենաներ գնեն։
Ժամանակին, երբ 50 դրամով տրանսպորտի ուղեվարձն ուզում էին բարձրացնել, նույն Տիգրան Ավինյանը՝ ՔՊ-ական ու ոչ ՔՊ-ական այսօրվա վերնախավով հանդերձ, վայնասուն էին բարձրացրել, ֆլեշմոբեր էին կազմակերպում, փողոց էին դուրս եկել, պիկետներ էին անում, բողոքում էին տրանսպորտի թանկացման դեմ, ասում էին՝ 50 դրամով մարդիկ հացի խնդիր են լուծում։ Հիմա պատրաստվում են դրանից անգամներով ավելի շատ բարձրացնել տրանսպորտի գինը, էական թանկացում չեն համարում։
Իրենք որ հարստացել են, փողի տեր են դարձել, հասարակական տրանսպորտով երթևեկելու խնդիր չունեն, ծառայողական մեքենաներով են շրջում, ծառայողական մեքենաների պատուհաներից ու գունավոր ակնոցների հետևից են նայում ժողովրդին, կարծում են՝ մարդիկ դադարել են հացի խնդիր ունենալ։ Ամսական 9-10 հազար դրամը, որ թանկացումից հետո յուրաքանչյուր քաղաքացի պետք է վճարի հասարակական տրանսպորտով աշխատանքի գնալ-գալու դիմաց, այլևս փող չէ նրանց համար, հացի խնդիր չի լուծում։ Թքած ունեն, որ հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ այսօր նվազագույն աշխատավարձով են ապրում, ու դրա 12 տոկոսը պետք է վճարեն միայն գործի գնալ-գալու համար։
Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում ընդամենը 75.000 դրամ է։
Հունվարի 1-ից, երբ թանկանա տրանսպորտը, դրանից 9-10 հազար դրամ կվճարեն միայն տրանսպորտով իրենց գործի գնալ-գալու համար։ Դեռ չենք խոսում այն մասին, թե ինչքան կվճարեն երեխաների դպրոց, բուհ գնալ-գալու համար։ Եթե ամեն մեկի պարագայում ևս 9-10 հազար դրամ վճարեն, այն ժամանակ կերևա, թե ինչ ծանրաբեռնվածություն են կրելու մարդիկ իրենց բյուջեի վրա՝ տրանսպորտի սպասվող թանկացման պարագայում։
Այսօրվա 100 դրամի փոխարեն՝ պատրաստվում են պարտադրել՝ 200-300, առանձին դեպքերում՝ մինչև անգամ 400 դրամ վճարել՝ հասարակական տրանսպորտից օգտվելու համար։
Բացահայտ ծաղրում են ժողովրդին, երբ հայտարարում են, թե մի մասի համար ուղեվարձը կիջնի։ Այդպիսիք, եթե նույնիսկ լինեն, մատների վրա կարելի է հաշվել։
Հասարակական տրանսպորտից օգտվողների մեծ մասի համար հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձն առնվազն կրկնակի կավելանա։
Նրանք, ովքեր ամեն օր երթևեկելու խնդիր չունեն և մեկանգամյա աբոնոմենտից կօգտվեն, շատ ավելին կվճարեն։ Իսկ այդպիսիք հաստատ քիչ չեն լինելու։ Ու նրանց համար տրանսպորտի ուղեվարձն այսօրվա 100 դրամի փոխարեն՝ կլինի 300-400 դրամ։
Այսպիսի «մանրուքները», բնականաբար, Երևանի քաղաքապետը չի տեսնում, այդ մասին չի խոսում։ Խաբում են ժողովրդին, փափուկ բարձր են դնում քաղաքացիների գլխի տակ։ Հաջորդ տարվա սկզբից, երբ թանկացումն իրականություն դառնա, մարդիկ կհամոզվեն դրանում։ Սեփական գրպանի ու բյուջեի վրա կզգան այդ թանկացման ազդեցությունը։
Թանկացումն էակա՞ն կլինի, թե՞ ոչ, այդ ժամանակ կերևա։
Գուցե Տիգրան Ավինյանի շրջապատի համար այն էական չի լինելու, որովհետև նրանց եկամուտներն իշխանության գալուց հետո, ոչ թե անգամներով, այլ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր անգամներով է ավելացել։ Բայց շատ-շատերի համար հաստատ էական է լինելու, որովհետև այդ մարդկանց եկամուտները, եթե նույնիսկ ավելացել են, ավելացել են հազիվ մի քանի հազար դրամով, իսկ կյանքը բազում անգամներով ավելի է թանկացել։ Էապես աճել են ծախսերը, նաև այն բանի «շնորհիվ», որ եկել-չեն եկել՝ ամենուրեք նոր հարկային ու ֆինանսական բեռ են ավելացնում, չեն քնում՝ միջոցներ են փնտրում մարդկանց նեղություն տալու համար։
Չեն կարողանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները լուծել, չեն կարողանում համակարգը նորմալ կառավարել, ստվերային գումարները չեն կարողանում կամ չեն ուզում հավաքել, ծախսերը չեն կարողանում նորմավորել ու չարաշահումներ թույլ չտալ, ուղեվարձն են կրկնապատկում-եռապատկում, որպեսզի փակեն համակարգի ֆինանսական ճեղքերը։
Նույնիսկ չգիտեն, կամ գիտեն, բայց չեն ասում, թե ինչքան է այդ ճեղքը։ Ամեն անգամ մի բան են հայտարարում։
Այն պարագայում, երբ ֆինանսական հոսքերը ճիշտ կառավարելու դեպքում կարող է այնպես ստացվել, որ ուղեվարձը պիտի ոչ թե բարձրանա, այլ իջնի։
Փոխարենը սկզբից ֆինանսական հոսքերի խնդիրը լուծեն, ոլորտում պտտվող հսկայական ստվերն ու գողությունները, չարաշահումներն ու գերածախսերը վերացնեն, հետո նոր անհրաժեշտության դեպքում անդրադառնան ուղեվարձին, հետևից են գալիս՝ սկզբից ուղեվարձն են բարձրացնում։ Այն էլ՝ ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Ու դեռ համարում են, թե դա էական բարձրացում չէ քաղաքացու գրպանի ու բյուջեի վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ