Բաժիններ՝

Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության հավանական պատճառը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ մենք հրապարակեցինք ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել և «սկել»:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ։ Ըստ նույն տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ։

Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը», ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել։ Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա լիարժեք բացահայտման արդյունքում։ Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից։ Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլևս չվերադառնա իր պաշտոնին։ Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ։

Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են։ Ըստ որոշ լուրերի` նրա կամ ինչպես ինքն է ասում` իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում։ Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին։

Բացի այդ, Նազարյանի ընտանիքի՝ Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել։ Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով։ Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը։ Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան։

Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր։ ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս