Բաժիններ՝

Արագած Ախոյանի որդու վրա հարձակվողները եղել են դիմակներով

«Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել»,- այսօր ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում որդու հետ ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված և առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Ինչպես արդեն հայտնի է, հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարևաններից մեկը լսելով աղմուկի ձայնը, միացրել է լույսը:

Ի պատասխան մեր հարցին, թե որդին հարձակվողների մոտ էլեկտրաշոկից բացի, դանակ, ատրճանակ կամ որևէ այլ առարկա նկատե՞լ է արդյոք, Ա. Ախոյանն ասաց.

‹‹Չէ, չի նկատել, բավական մութ է եղել: Նրանք դիմակներով, ձեռնոցներով պատրաստված են եղել››:

Իսկ ավազակային հարձակում կատարողները Հայկ Ախոյանին ինչ-որ բան ասե՞լ են, որևէ պահանջ, սպառնալիք ներկայացրե՞լ են…

«Ոչ, միայն ասել են` սուս»,- պատասխանեց պատգամավորը:

Ավելի վաղ Արագած Ախոյանը հայտնել էր, որ կատարվածը գողության նպատակով ավազակային հարձակում էր, և դրանում չպետք է քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել կամ կապել իր գործունեության հետ: Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորի որդու` Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք նրա դրամապանակը չեն տարել, այն գտնվել է դեպքի վայրում: Փոխարենը տարել են իրենից գրեթե նյութական արժեք չներկայացնող բանալիները, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ դրանք անպետք են լինելու, քանի որ Ախոյանները հարձակումից կարճ ժամանակ անց կփոխեն տան դռան փականները:

Այո, տարել են նաև պատգամավորի որդու բջջային հեռախոսը, բայց դժվար է պատկերացնել, թե դիմակավորված, ձեռնոցներով հարձակում կատարած և ժամանակակից տեխնիկայով` էլեկտրաշոկով զինված չորս անձանցից որևէ մեկին հայտնի չէր, որ բջջային հեռախոսը նույնպես իրենց պետք չի գալու, քանի որ դրանով հենց առաջին զանգը կամ զանգին պատասխանելն իրավապահներին կարող է օգնել, որ բացահայտեն իրենց կամ գոնե պարզեն իրենց գտնվելու վայրը: Ախր դա այսօր հայտնի է նույնիսկ դպրոցում սովորող պատանիներից շատերին:

Վերը շարադրվածից ելնելով չե՞նք կարող արդյոք եզրակացնել, որ ավազակային հարձակում կատարողների բուն նպատակը Հ. Ախոյանի մոտից նյութական արժեքների հափշտակությունը չի եղել, և տան բանալիներն ու բջջային հեռախոսը վերցրել են սոսկ նյութական արժեքների հափշտակման նպատակով ավազակային հարձակման երևութականություն ստեղծելու միտումով:

Իհարկե, կարելի է մտածել, թե ավազակային հարձակում կատարողների հիմնական նպատակը պատգամավորի որդու դրամապանակը տանելն է եղել, բայց մթի մեջ ու խառն իրավիճակում (Հ. Ախոյանը դիմադրել է) դա չի հաջողվել, այն ընկել է գետնին ու կարճ ժամանակ անց հայտնաբերվել դեպքի վայրում: Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում` հարսանիքից ուշ գիշերով վերադարձող այդ ո՞ւմ, առավել ևս` ուսանողի դրամապանակում է մեծ գումար լինում, որ չորս հոգի նախապես խումբ կազմելով, նպատակադրվեն ավազակային հարձակմամբ հափշտակել այն: Դիմակավորված, ձեռնոցներ հագած, էլեկտրաշոկով զինված, այսինքն` հանցագործությունը նախապես պլանավորած անձինք դժվար թե Հայկ Ախոյանին հետևած չլինեին ու չիմանային, որ նա, ասենք, ոչ թե խաղատնից մեծ գումար շահած, այլ հարսանիքից է վերադառնում տուն:

Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ որդու մոտ, իրոք, ո՛չ մեծ գումար է եղել, ո՛չ ոսկյա զարդեղեն, ո՛չ էլ որևէ բրենդային ֆիրմայի թանկարժեք ժամացույց: Նրա կարծիքով նույնպես` տրամաբանական չէր ակնկալելը, որ հարսանիքից վերադարձող մարդու մոտ կարող է մեծ գումար լինել:

«Ուղղակի ինչ-որ մեկը, ինձ թվում է, սխալ ինֆորմացիա է տվել հարձակվողներին»,- կատարվածին իր բացատրությունը տվեց Ա. Ախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր նաև, որ հարսանիքի ժամանակ որևէ միջադեպ չի եղել, որդին թշնամիներ չունի:

Մեր հարցին, թե կատարվածն, այնուամենայնիվ, չի՞ կապում իր գործունեության հետ, հարձակումը չի՞ համարում վախեցնելու նպատակով ուղարկված «մեսիջ», ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն ասաց.

«Երբեք, որովհետև սա զուտ կենցաղային է, «մեսիջներն» այլ կերպ են լինում, սա «մեսիջ» չէ, սա թալանի նպատակով ավազակային հարձակում է ընդամենը»:

Ա. Ախոյանի հավաստմամբ՝ որդու առողջական վիճակը նորմալ է, բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չի եղել, նա վաղը ներկայանալու է դատաբժշկական փորձաքննության:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Արագած Ախոյանի որդու նկատմամբ ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակությունը») հատկանիշներով: Ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հիշյալ վարչությունից դժվարացան պատասխանել մեր այն հարցին, թե դեպքի վայրում կամ դրա մոտերքում արդյոք կա՞ որևէ տեսախցիկ:

Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս