Բաժիններ՝

«Երեմյան Փրոջեքթսի» նախագծերն ունեն զարգացման մեծ ներուժ, որը կարող ենք ուղղել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը. Լուսինե Երեմյան

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին։

Լուսինե Երեմյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կյումրիգյանը մասնակցում էին «Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում»  թեմայով պանելային քննարկմանը, որի մոդերատորն էր Գործընկերությունների և զարգացման հարցերով ՄԱԿ-ի ֆինանսական խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյանը։

Մոդերատորը Լուսինե Երեմյանին ներկայացնելիս ընդգծեց այն փաստը, որ «Երեմյան Փրոջեքթս» բիզնես-գաղափարի իրագործման հիմքում Երեմյաններ քույր-եղբայր հարաբերություններն են։

«Մեր պատմությունն իմացողների համար պետք է որ շատ ակներև լինի անսահման սերը ծնողների նկատմամբ և այն, որ երկուսս էլ վաղ տարիքից ենք սկսել աշխատել, որպեսզի մեր ծնողի հոգսը թեթևացնենք։ Այս ամենի հիմքում ընտանեկան արժեքներն են՝ ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու մարդ լինելու կարևորությունը, միմյանց թև ու թիկունք լինելն ու սատարելը։ Եվ եղբորս՝ Դավիթ Երեմյանին աջակցելիս միշտ հավատացել եմ նրա երազանքին ու վստահ եղել, որ հաջողելու է։ Մեր քույր-եղբայր հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է։ Ես երկար տարիներ բնակվել և աշխատել եմ արտերկում, այժմ վերադարձել եմ և իմ գիտելիքն ու փորձը կաշխատեմ ուղղել ընկերության զարգացմանը և, որպես հայկական օրինակելի բիզնես մոդելի, միջազգայնացմանը, Հայաստանից դուրս նոր շուկաներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու ռազմավարական նպատակներին հասնելուն»,- իր խոսքում նշեց Լուսինե Երեմյանը։

Գագաթնաժողովի ունկնդիրները պանելային քննարկման ընթացքում ծանոթացան նաև Հայաստանի կայուն զարգացման համար կարևոր ռազմավարական ուղղություններում Ընկերության գործունեության համատեքստում Սփյուռքի ներուժի ներգրավման վերաբերյալ Լուսինե Երեմյանի տեսլականին։

Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ և կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության, մասնագիտական  կրթության զարգացման գործում։

«Մեր ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում 4 հիմնական ուղղություններով՝ գյուղատնտեսություն՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրություն, հյուրընկալություն և ռեստորանային նախագծեր, ճաշարանային նախագծեր և  մասնագիտական կրթություն։ «Երեմյան Փրոջեքթսի»  գործունեության յուրաքանչյուր փուլում մենք տարբեր նախագծերով ստեղծել  ենք մնայուն արժեքներ և   նպատակ ունեցել Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխահում։ Մեր նախագծերն ունեն զարգացման և ընդլայնման մեծ ներուժ, որը կարող ենք ուղղել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի ռեսուրսի բացահայտմանն ու ներգրավմանը, Made in Armenia-ն՝ որպես որակի չափանիշ միջազգային շուկաներում դիրքավորմանը»,- ընդգծեց Լուսինե Երեմյանը։

Լուսինե Երեմյանը նշեց նաև, որ ճգնաժամերը միշտ հնարավորություն են դիտարկում, փորձում են լինել արագ և ճկուն որոշումների կայացման գործընթացում. «Համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի պատճառով բիզնեսը հայտնվեց նոր մարտահրավերների առջև և փորձեցինք  օպերատիվ և արդյունավետ արձագանքել առերեսվող ճգնաժամին: Համավարակի և արտակարգ դրության պայմաններում գործունեության նոր ուղղություն մեկնարկեցինք. խոսքը մեր գյուղատնտեսական նախագծերի մասին է՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրության։ Այս ուղղությունն էլ մեզ հնարավարություն է տալիս ներդրում ունենալ մեր երկրի կայուն զարգացման համար կարևոր այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու պարենի անվտագության ապահովումնը»։

Հավելենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերի 17-20-ը Երևան անցկացնում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են Սփյուռքի 1000 ներկայացուցիչներ 60 երկրներից, 180 բանախոսներ 25 երկրներից, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ Հունաստանից, Կիպրոսից, Լեհաստանից և Իրաքի Քուրդիաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս