Նախիջևանյան ուղղությունն այս փուլում ադրբեջանական կողմի համար ամենակարևոր և գերակա ուղղություն է. հակառակորդը փորձելու է այդ ուղղությամբ ևս հասնել որոշակի հաջողությունների. Վիտալի Մանգասարյան

Վերջին շրջանում ադրբեջանական ապատեղեկատվությունների մեջ քիչ չեն Նախիջևանի ուղղությամբ Հայաստանին հրադադարի խախտման համար մեղադրանքները:

168.am«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում փորձել է պարզել Նախիջևանի կարևորությունն Ադրբեջանի և Թուրքիայի համար, և արդյո՞ք այս ուղղությամբ հնարավոր են ռազմական սադրանքներ, և ոչ միայն:

– Նախիջևանյան ուղղությունն այս փուլում, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմի համար ամենակարևոր և գերակա ուղղություն է։ Եթե ամիսներ առաջ Տավուշի ուղությունն էլ էր նրանց համար կարևոր և առաջնային, ապա հիմա, երբ հայկական կողմն այդ ուղղությամբ իրականացրել է Ադրբեջանի պահանջը և հանձնել ռազմավարական կարևոր նշանակության հատվածները, ու, ըստ էության, այդ հատվածում կազմաքանդել անվտանգային ողջ ճարտարապետությունը, Ադրբեջանի համար նախիջևանյան ուղությունը դարձել է միակը:

Բնականաբար, հակառակորդը փորձելու է այդ ուղությամբ ևս հասնել որոշակի հաջողությունների, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանից տարբեր առիթներով հնչում են հայտարարություններ, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ադրբեջանցիներին հանձնել Տիգրանաշեն բնակավայրը, որն աշխարհագրորեն տեղակայված է հենց այդ հատվածներում։

Կարդացեք նաև

Ադրբեջանական ապատեղեկատվությունների նպատակն էլ այն է, որ պարարտ հող նախապատրաստեն անհրաժեշտության դեպքում այդ խնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Եթե մենք հասկանում և գիտակցում ենք, թե կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով որոնք են Ադրբեջանի ռազմավարական նպատակները, ապա պետք է հասկանանք, որ թշնամու համար հարվածի հիմնական ուղղությունը մնացել է միայն նախիջևանյան ուղղությունը։

– Այսինքն, Տավուշի մյուս գյուղերի և Տիգրանաշենի հարցի շուրջ քննարկումները չե՞նք կարող սառեցված կամ պասիվ համարել:

– Տավուշի գյուղերի շուրջ թեման ադրբեջանական կողմին մեծամասամբ հաջողվել է լուծել, և, իմ կարծիքով, նրանց հաջորդ քայլը լինելու է՝ նույնն իրականացնել նաև Տիգրանաշենի մասով, ինչի առնվազն քարոզչական նախապատրաստական աշխատանքները նրանք մեծ թափով իրականացնում են։

Չմոռանանք, որ Բաքվում կայանալիք COP29-ից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է անգամ հնարավոր համարել Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքը:

Այն, որ ադրբեջանական կողմն ինտենսիվ պատրաստվում է հաջորդ մարտական գործողություններին, դա ակնհայտ երևում է թե՛ իրենց վարած քաղաքականությունից, թե՛ հայտարարություններից, թե՛ տարեկան մի քանի տասնյակ զորախաղերի սցենարներից։ Կարծում եմ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բացի կանխատեսումներից, պետք է նաև առաջարկի՝ այդ ամենին ինչպես պետք է դիմակայենք։ Հակառակ դեպքում՝ ԱԳՆ-ն նմանվում է եղանակի կանխատեսման կազմակերպության, ով միայն տեղյակ է պահում սպասվող ցունամիների մասին, և ոչ մի խոսք չի ասում այդ ամենին դիմակայելու մասով։

– Զորավարժություններից խոսեցիք, մոտ մեկ շաբաթ առաջ Վրաստանում կայացել էր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում որոշվել է համատեղ զորավարժությունների թիվն ավելացնել, սա ի՞նչ ռիսկ է ենթադրում ՀՀ-ի համար:

Ցավոք սրտի, ադրբեջանական կողմը, ի տարբերություն մեզ, շատ լավ է հասկանում զորավարժությունների կարևորությունը, և դրա միջոցով է նաև ավելի մեծ թափով փորձում բարձրացնել իր անձնակազմի պատրաստության աստիճանը, և, ընդհանուր առմամբ, զինված ուժերի կարողությունները։ Իսկ որքան մեծանում են նրանց ռազմական կարողությունները, այդքան մեծանում է ռիսկը, որ այն հարմար պահի ուղղված կլինի մեր դեմ։ Բացի դրանից, ցանկացած երկրի հետ անցկացվող զորախաղերն ունեն նաև դիվանագիտական բաղադրիչ։ Նման միջոցառումների շնորհիվ ամրապնդվում են այդ երկրների միջև հարաբերությունները, ինչը պակաս կարևոր չէ։

– Դուք հետևում եք, թերևս, պատերազմական տարբեր գործողությունների ընթացքին, այսօր ի՞նչ տեսակ պատերազմների հետ գործ ունենք: Ի դեպ, այսօրվա անվտանգային մարտահրավերները դիրքային ի՞նչ պատկեր են պահանջում, ՀՀ-ն ավտոմատացված կառավարման համակարգ պե՞տք է ունենա, կամ՝ առաջնագիծ, եթե այո, ի՞նչ կահավորմամբ:

– Մերօրյա իրականության մեջ, երբ նորարարական տեխնոլոգիաներն արագ տեմպերով զարգանում են, բնականաբար, զարգանում և նորարարական լուծումներ են ստանում նաև զենքի, զինամթերքի և հատկապես՝ կառավարման համակարգերը։

Հայաստանում ՏՏ մասնագետների բավականին մեծ ռեսուրս կա, և ճիշտ համակարգման դեպքում շատ կարճ ժամանակում հնարավոր է այնպիսի լուծումներ ստանալ, որոնք մեզ անհրաժեշտ են։ Սակայն այդ ամենը համալիր լուծում է պահանջում, միայն այս կամ այն ապրանքն արտադրելը շատ քիչ է, անհրաժեշտ են մեխանիզմներ, որ այդ արտադրված պայմանական ԱԹՍ-ն շատ արագ ինտեգրվի մեր ԶՈՒ, պատրաստվեն համապատասխան մասնագետներ, որոնք պետք է մարտական պայմաններում շահագործեն այդ ամենը։ Պետք է անցկացվեն տարաբնույթ զորավարժություններ, որպեսզի նաև պահեստազորայինները տիրապետեն այդ տեխնոլոգիաներին։ Կարճ ասած՝ խնդիրը համապարփակ լուծում պետք է ստանա, ոչ թե տեղային, այս կամ այն չափի, կամ կիսատ, ինչպես շատ հաճախ, ցավոք սրտի, տեղի է ունենում։

Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում ասաց, որ համապարփակ պաշտպանության վերաբերյալ կոնցեպտը ՀՀ ԱԽ-ում ընդունվել է, սակայն մինչ այսօր ոչ մի տեղեկատվություն չկա, թե այդ ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվում կամ իրականացվել։

Ինչ վերաբերում է մարտական դիրքերի կահավորմանը և հագեցվածությանը, ապա միանշանակ է, որ նորարարական լուծումներն այստեղ նույնպես պետք է հաշվի առնել և խրամատում գտնվող զինվորի կյանքի տևողությունը մեծացնել։

Պատերազմների հետ կապված նշեմ, որ մի առիթով ասել եմ ձեզ, շատերին թվում է, թե մարտական գործողությունները, հնարավոր է՝ լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրյա իրականության մեջ բազմաթիվ են նախադեպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ և ենթակառուցվածքներ են խոցում հենց հակառակորդի թիկունքում:

– Հայաստանը փորձում է ունենալ 155 մմ տրամաչափի հրետանային միջոցներ Հնդկաստանի, Ֆրանսիայի միջոցով, Ադրբեջանն այս ուղղությամբ վաղուց է աշխատանք տանում և իր զինանոցում ունի տարբեր երկրների ՆԱՏՕ-ական տրամաչափի հրետանային միջոցներ, ՀՀ-ն կարո՞ղ է զուտ այս առումով հավասարակշռություն ապահովել:

– Բացի նրանից, որ ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է մեր ԶՈՒ մատակարարումների տեսակին, քանակին և որակին, փորձելով իր հետագա գնումների պլանում այդ ամեն ինչը հաշվի առնել, զուգահեռ՝ նաև մեծ ծավալի աշխատանք է տանում դիվանագիտական և քարոզչական ճակատներում, որպեսզի հնարավորինս խոչընդոտի հայկական կողմի մատակարարումները:

Այլ հարց է՝ մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում, որ կարողանանք արժանապատիվ դիմակայել բոլոր այդ ճնշումներին։ Հարաբերությունները թե՛ Հնդկաստանի, թե՛ Ֆրանսիայի հետ չափազանց կարևոր են, սակայն, իմ գնահատմամբ, առավել կարևոր և արժեքավոր են Իրանի հետ հարաբերությունները։ Առնվազն այլ երկրներից զենք և զենք-զինամթերք ներկրելու լոգիստիկայի մեջ Իրանի դերը չափազանց մեծ է, և հատկապես այս փուլում, երբ Հայաստանի և Իրանի պետական շահերն այսքան շատ հատման կետեր ունեն, ուստի հնարավորինս արագ տեմպով պետք է խորացնել հարաբերությունները մեր հարևան երկրի հետ:

– Նիկոլ Փաշինյանը, ով անվտանգության ապահովման հարցում բանակի գործոնը չորրորդական է համարել կամ ոչ առաջնային, օրերս հայտարարել է, թե մենք պիտի լինենք մեր անվտանգության երաշխավորը, չնայած սրա տակ նա ամենայն հավանականությամբ այլ բան նկատի ունի, օրինակ, Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով բանակցություններ:

Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ի՞նչ նկատի ունի, սակայն բանակը ու, ընդհանուր առմամբ, մեր անվտանգությունը թեկուզ երկրորդ հորիզոնականում դասելը, իմ գնահատմամբ, հանցագործություն է, էլ չեմ խոսում առավել հետին տեղերում դիտարկելը: Մերօրյա իրականության մեջ այլ ոլորտների համեմատ բանակը պետք է մրցակցությունից դուրս լինի և միշտ առաջին հորիզոնականում դիտարկվի, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։

– Այստեղ հարկ է հավելել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշել, որ ՀՀ այս կամ այն սահմանային հատվածում պետք է տեղակայվեին ռուս սահմանապահներ, որոնց հետո հեռացրեցին, և ոչինչ, որ հետո ՌԴ-ին մեղադրեցին դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ: Վերջին շրջանում ՌԴ-ի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերն ու հայտարարությունները փոխվել են, կարո՞ղ ենք ակնկալել, որ կվերականգնվեն նաև ՀՀ-ՌԴ պաշտպանական շփումները, որոնց դինամիկան կտրուկ նվազել էր։ 

Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերությունների անիմաստ վատթարացնելուց հետո տպավորություն կարող է ստեղծվել, որ հայկական կողմը փորձում է վերականգնել այդ հարաբերությունները։ Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ տվեց մեզ այդ հարաբերությունների վնասումը, ի՞նչ շահեցինք մենք դրանից։

Ցանկացած երկրի ղեկավար, ով մտածում է իր երկրի շահերի մասին, միշտ փորձում է լավացնել հարաբերություններն այս կամ այն երկրների հետ, որպեսզի ավելորդ թշնամիներ ձեռք չբերի։ Այս կոնտեքստում ուզում եմ նաև նշել, որ ցանկացած բան քանդելը միշտ ավելի հեշտ է, քան կառուցելը։ Հիմա եթե հարաբերությունները համարում ենք քանդված, ապա այն վերականգնելը երկարատև և բարդ գործ է լինելու, կամ համապատասխան գին է արժենալու։

Տեսանյութեր

Լրահոս