Հայհոյելու համար կտուգանվեն մինչև 80 դոլարով
Այսօր Ռուսաստանի Պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրենքի նախագիծ, որն արգելում է գրականությունում, կինոյում, հեռուստա- և ռադիոհաղորդումներում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործել անցենզուր արտահայտություններ: Lenta.ru-ի փոխանցմամբ, օրինագծին կողմ է քվեարկել 441 պատգամավոր, երկուսը ձեռնպահ է մնացել:
Այս օրենքի խախտման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 2-2,5 հազար ռուբլու չափով (մոտ 65-81 դոլար), պաշտոնատար անձինք` 4-5 հազար ռուբլու չափով (մոտ 129-161 դոլար), իսկ իրավաբանական անձանց տուգանքը կարող է հասնել 40-50 հազար ռուբլու (մոտ 1300-1600 դոլար): Ֆիլմերում անցենզուր արտահայտությունների և հայհոյանքների օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ այդ ֆիլմերը զրկվեն վարձույթում հայտնվելու իրավունքից:
Երկրորդ ընթերցման ժամանակ այս օրինագիծը կլրամշակվի. մասնավորապես կհստակեցվի, թե որոնք են համարվում անցենզուր արտահայտություններ: Հակառակ դեպքում` կարող է տուժել հեղինակային միտքը, հատկապես` գրականության մեջ: Բացի այդ, փաստաթղթի մեջ կարող է կետ ավելացվել, որը կպարտադրի անցենզուր արտահայտություն պարունակող գրքերը վաճառել «18+» նշումով և փակ փաթեթավորմամբ: