Բռնազավթված Արցախում ավելացել են ամբողջական բնակավայրերի ոչնչացումները. Հովիկ Ավանեսով

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովն այսօր ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից հետո երկրաչափական պրոգրեսիայով աճել են հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման դեպքերը։

«Վերջին շրջանում ավելացել են ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքերը՝ Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Մոխրենես, Խծաբերդ գյուղերը։ Նաև կան եկեղեցիներ, որոնք հիմնովին ավերվել են, որոշների տեղերում այլ կառույցներ են արդեն հիմնում։ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ամբողջովին ավերվել է, եկեղեցու և դրա հարակից հատվածում, որտեղ 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան էր բացվել, քանդել են ու մզկիթ են կառուցում»,- նշեց Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ բոլոր պատմական փաստերը վկայում են, որ ոչ միայն Բերձորում, այլև Քարին Տակում, Մոխրենեսում, որտեղ Ադրբեջանը մզկիթներ է կառուցում, երբևէ չեն եղել մզկիթներ։
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող այդ վանդալիզմը թույլ չտալու համար պետք է նրա դեմ կիրառվեն միջազգային պատժամիջոցներ։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության 33-ամյակն է։ Արցախի իշխանության ներկայացուցիչները, հայության տարբեր հատվածներ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում մասնակցում են միջոցառման։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս