Բաժիններ՝

Տիգրան Առաքելյանն այցելեց Սարյանի պուրակ. մամուլ

«Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ և «ազատություն» վանկարկումներ հնչեցին: Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելեց վեց տարվա ազատազրկվան դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Ինչպես արդեն հայտնել ենք, Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արձակվել՝ մասնակցելու համար հոր հոգեհանգստի և թաղման արարողությանը: Այսօր առավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ մինչև եռօրյա ազատ արձակումը գտնվում էր 2001 թ. օգոստոսի 9-ից:

Սարյանի պուրակում գտնվող քաղաքացիները երեկ Տիգրանին ողջունում էին, ցավակցում հոր կորստի համար և մաղթում, որ Վճռաբեկ դատարանը այնքան ողջախոհ գտնվի, որ Տիգրանին ազատ արձակի, մյուս տղաներին էլ՝ Սարգսին, Դավիթին, Արտակին արդարացնի: «Տիգրան ջան շատ ենք ցավակցում քեզ, բայց մյուս կողմից էլ այնքան ուրախ ենք, որ հիմա քեզ տեսնում ենք, որ թեկուզ մի քանի րոպեով, բայց մեզ հետ ես»,- ողջագուրվելով Տիգրանի հետ ասաց քաղաքական զբոսանքների մասնակից մի կին:

Պուրակում գտնվող քաղաքացիները Տիգրանին վստահեցրին, որ այսօր ժամը 14:00-ին լինելու են Գլխավոր դատախազության մոտ, մասնակցելու են ամենուրբաթյա բողոքի ակցիային և ազատութուն ու արդարություն են պահանջելու: «Տիկո ջան, էդ ժամին դու արդեն էդ անտեր խցում ես լինելու, բայց իմացի, որ մենք քո ու մյուս տղաների համար էդ ակցիային կանգնած ենք լինելու, համոզված եղիր, որ շատ շուտով արդարությունը հաղթելու է, ու դու էդ սև պատերը էլ չես տեսնելու»,- ասաց կանանցից մեկը՝ հրաժեշտ տալով Տիգրան Առաքելյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս