Հայաստանում տեղայնացնում են ցույց ցրելու՝ ամերիկյան փորձը. Հայ-ամերիկյան զորավարժությունների իրական նպատակը

Հուլիսի 6-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) «ավետեց»՝  միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

«Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Կարդացեք նաև

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Հուլիսի 21-ին, սակայն, իշխանական լրատվամիջոցները բացահայտեցին այդ զորավարժությունների իրական նպատակը: Ավելի ճիշտ՝ նպատակը բացահայտել էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը, ինչն էլ հաճույքով տարածել էին իշխանական լրատվամիջոցները:

«Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողները «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանոթանալու վարժանքներ: Այս զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքման օպերատիվությունն ու օպերատիվ գործակցությունը»,- Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքն էր վերատպել X-ի միկրոբլոգում տեղակայված գրառումը:

Ինչպես կնկատի ուշադիր կամ ոչ այնքան ուշադիր ընթերցողը, ի սկզբանե հայտարարված նպատակի ու վերոգրյալի միջև որևէ ընդհանրական բան չկա:

Զորավարժության՝ նախապես հայտարարված նպատակը, այն է՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, որևէ կերպ զանգվածային անկարգությունների դեմ պայքարի վարժանքներ չեն ենթադրում:

Այսինքն՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը, ի դեպ, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ամերիկյան կողմի պահանջով արգելվել է լուսաբանել, միտված է սոսկ «ցույց ցրելուն», որն այս իշխանությունն ու նրան ենթակա իրավապահ համակարգն անվանում է «զանգվածային անկարգություն»:

Ինչ վերաբերում է բանակը ցույց ցրելու համար օգտագործելուն, ՀՀ Սահմանադրությունը, որը, բարեբախտաբար, դեռ փոխված չէ թշնամի պետության ղեկավար Ալիևի պահանջով, ուղիղ արգելում է բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,- ասված է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում, որը Նիկոլ Փաշինյանին պետք է որ քաջ հայտնի լինի՝ իր կողմից վերակենդանացման մի քանի անհաջող փորձեր արված «Մարտի 1»-ի գործի շրջանակում:

Այնպես որ՝ պետք չէ վերամբարձ նախադասություններ հորինել իրական զորավարժություններից իսպառ հրաժարումը նման կոնֆետի թղթերով փաթեթավորելու համար: Պետք էր էն գլխից ասել՝ «տեղայնացնում ենք ցույց ցրելու ամերիկյան փորձը»:

Տեսանյութեր

Լրահոս