Ցանցահենները հարձակվել են Իսրայելի վարչապետի կայքի վրա
Իսրայելական Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ ցանցահենները մի քանի ժամով շարքից հանել են Իսրայելի իշխող կուսակցության և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կայքերը: Այս մասին հայտարարել է համակարգչային անվտանգության մեջ մասնագիտացած Avnet ընկերությունը:
Վերջինիս ներկայացուցիչ Ռոնի Բեչերը հայտարարել է, որ ներկայումս իրենք տեղյակ չեն, թե ինչ կերպ է իրականացվել հարձակումը և ինչ կարելի է անել՝ դրանից պաշտպանվելու համար: Նա հավելել է, որ գիշերը ցանցահենային հարձակման տասնյակ փորձեր են գործադրվել իսրայելական կայքերի նկատմամբ:
Նա ընդգծել է, որ ցանցահեններին հաջողվել է խախտել վարչապետի կայքի տվյալների բազայի ու վեբ-սերվերի միջև կապը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցանցահենների Anonymous խումբն ապրիլի 7-ից հարձակումներ են իրականացնում իսրայելական ընկերությունների, բանկերի ու պետհիմնարկների դեմ:
Anonymous-ի ցանցահեններն իսրեյալական կայքերի նկատմամբ մասշտաբային կիբերհարձակում են իրականացնում նախորդ տարվա նոյեմբերից, երբ Իսրայելը հարվածեց Գազայի հատվածին: Այդ ժամանակ Իսրայելին հաջողվել էր հետ մղել մոտ 44 միլիոն հարձակում, սակայն ցանցահեններին հաջողվել էր վնասել իսրայելական գրեթե 700 կայքերի տվյալների բազաները: