Ծիծաղ և լաց
Ուրախ լինել Տիրոջով
Աբրահամի կինը՝ Սառան, վրանի մոտ, ականջ դնելով, լսեց իրենց տուն հյուրընկալած երեք տղամարդկանցից մեկի խոսքերը ուղղված Աբրահամին. «Ես եկող տարի այս օրերին կգամ քեզ մոտ և քո կին Սառան որդի կունենա»: Լսելով դա՝ Սառան ծիծաղեց իր մտքում, քանի որ և՛ ինքը, և՛ Աբրահամը ծերացել էին: Տերն Աբրահամին ասաց, թե ինչո՞ւ Սառան ծիծաղեց իր մտքում, որ այդ տարիքում զավակ կունենա՝ թերագնահատելով Աստծո ամենակարողությունը: Սառան վախեցել էր: Նա ժխտեց՝ ասելով. «Ես չծիծաղեցի» (Ծննդոց 18.12-16):
Սողոմոն իմաստունն ասում է. «Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստություն հավաքում» (Առակներ 10.23):
Աստվածաշնչյան այս համարներում ծիծաղը որպես բացասական երևույթ է ներկայացվում և ուղեկցում մեղքին և ո՛չ թե առաքինությանը:
Ծիծաղը մեղք չէ, սակայն եթե այն անհարկի, ոչ տեղին ու անչափ է, կարող է մեղք ծնել: Անչափ ու ավելորդ ծիծաղն ու կատակաբանությունը մարդու սրտից հանում է Աստծո երկյուղն ու զգոնությունը՝ այսպիսով մարդուն ընդունակ դարձնելով մեղանչելու:
«Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, քանզի կսգաք ու լաց կլինեք» (Ղուկաս 6.25), Քրիստոս այս խոսքերով ոչ թե անմեղ ու չափավոր ծիծաղն է մեղք համարում, այլ ամբարտավան, ինքնագոհ ու անմաքուր սրտից ծնված անպատկառ ծիծաղը, երկրային ցոփ կյանքով ապրող, իրեն ամենակարող կարծող, Աստծո երկյուղն ու սերը չունեցող և իր մեղքերի համար չսգացող մարդու ծիծաղը:
Իսկ մեկի վրա ծիծաղելը, այսինքն՝ նրան ծաղրելը, մանավանդ նրա որևէ բնական թերությունը, վիշտը կամ դժբախտությունը ծաղրի առարկա դարձնողը նման է նրանց, ովքեր Տեր Հիսուսին ծաղրեցին (Մատթեոս 26.68; 27.27-31, 41): Աստծո պատկերով ստեղծված մարդուն ծաղրելով ու անարգելով՝ ծաղրում են հենց այդ պատկերը, նույնն է թե՝ Աստծուն: «Մի ծիծաղիր մարդկանց վրա, ու ամբողջ կյանքում ծաղրի չես ենթարկվի»,- խրատում է Նեղոս Սինայեցին:
Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս հեռու մնալ հոգու համար ոչ օգտակար անամոթ կատակներից, անտեղի ծիծաղից, որոնք մարդուն հեռվացնում են Աստծո երկյուղից, առաքինություններից, մահվան և տառապանքների հիշողություններից, հոգևոր պտուղներից, սառեցնում են սիրտը, ճնշում հոգին, մթագնում խիղճը: Նման վիճակում մարդը դառնում է ցրված և սնափառ: Եկեղեցու հայրերի ցանկությունն է, որ մարդը ճանաչի հոգևոր ծիծաղը և ուրախությունը. «Ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում ձեզ, ուրախ եղեք» (Փիլիպեցիներ 4.4):
Արցունքից ծնվող ուրախությունը
Ապաշխարել՝ լալ, ողբալ ու աշխարել այն մեղքերի համար, որ մարդ գործեց մոլոր մտքով: Մինչ մեղանչումը մարդը վայելում էր երանելի ուրախությունն ու երջանկությունը, բայց արտաքսվելով և զրկվելով այդ ամենից, նա կարիք ուներ վերադարձնելու այն, ինչը կորցրեց: Միակ ճանապարհը, որ մարդուն կտաներ կորցրածը վերագտնելու, դա ապաշխարության ճանապարհն էր: Այդ ճանապարհին եկեղեցու հայրերը կարևորում են տխրել, լալ գործած մեղքերի համար, քանի որ մեղքի հետևանքով առաջացած արցունքները՝ գործնական միջոց են՝ հանգցնելու այն կրակը, որ մեղքերի համար է պատրաստված: «Երբ Աստծո համար լանք, այսինքն՝ մեր մեղքերի համար, ապա այդ արցունքներից ուրախություն կծնվի: Օրինակ, պոռնիկ կինը Քրիստոսի ոտքերը արցունքով լվաց և փոխարենը՝ իր բազմաթիվ մեղքերին թողություն ստացավ» (Բարսեղ Մաշկևորցի):
Հովհաննես Սանդուղքը խրատում է. «Ինչպես որ կրակը այրում է ծղոտը, այնպես էլ մաքուր արտասուքը ոչնչացնում է բոլոր տեսակի արտաքին և ներքին ախտերը: Մկրտությունը մաքրում է մեզ մեր առաջվա ունեցած չարությունից, իսկ արցունքները սրբում են մեղքերը, որոնք գործել ենք մկրտությունից հետո»:
Քրիստոս ասաց. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն» (Մատթեոս 5.4): Սուրբ Հովհան Ոսկեբերանը մեկնում է, որ այս երանին զգաստության ուսուցիչ է. եթե նրանք, ովքեր սգում են իրենց կնոջ, որդիների կամ այլ հարազատների մահվան պատճառով, չեն ցանկանում ո՛չ ունեցվածք և ո՛չ էլ մարդու գեղեցկություն, քանի դեռ ցավն իրենց սրտում է, ո՛չ փառք են բաղձում, ո՛չ իրենց թշնամիների վրա են զայրանում, ո՛չ նախանձում են, ո՛չ էլ մեկ այլ ախտից այրվում, այլ միայն սգում են, ապա որքա՜ն առավել են զգաստանում նրանք, ովքեր, ինչպես արժան է, սգում են իրենց իսկ մեղքերի համար: Աստված այնքան մարդասեր է, որ իբրև պարգև՝ բավական չի համարում նրանց՝ տանջանքներից ու մեղքերից ազատվելը, այլ երանելի և մեծ մխիթարության արժանի էլ է դարձնում:
Յուրաքանչյուր ընթերցողի համար «Ծիծաղի և լացի» մասին եկեղեցու հայրերի խորախորհուրդ խրատները կարող են հանդիսանալ ուղենիշներից մեկը այն ճանապարհի, որ առաջնորդում է դեպի Աստված:
Կազմեց Կարինե Սուգիկյանը