Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել այն նախագծին, որ երկրում ուսանողները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և երկրում պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին։
Դեսպան Սոբհանին ընդգծել է, որ զբոսաշրջության ոլորտում կարևոր առավելություններից է երկու երկրների միջև վիզայի ռեժիմի բացակայությունը, ինչը հեշտացրել է ճանապարհորդությունը երկու երկրների քաղաքացիների միջև։
«Անցյալ տարի Իրան է այցելել 161 հազար հայ։ Նաև բժշկական տուրիզմը կամ առողջապահական տուրիզմն այն ոլորտներից են, որոնց վրա մենք աշխատում ենք։ Բուժման նպատակով Իրան են գալիս մեծ թվով հայեր, որոնց տրամադրել ենք երկրի այն հիվանդանոցների ցանկը, որոնք կարող են սպասարկել օտարերկրյա զբոսաշրջիկներին», – հայտնել է դեսպանը։
Խոսելով երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին՝ Մեհդի Սոբհանին նշել է, որ կրթության ոլորտում մեծ ձեռքբերումներից մեկն է համարվում պարսկերենի հանրահռչակումը Հայաստանում։
«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այն նախագծին, որ այդ երկրում ուսանողները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և երկրում պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Մենք ունենք 19 դպրոց, որտեղ պարսկերեն է դասավանդվում, 3000 աշակերտ պարսկերեն է պարապում: «Սաադի» հիմնադրամի և Իրանի մշակութային կենտրոնների հետ համատեղ տրամադրել ենք անհրաժեշտ գրքեր և ուսումնական սարքավորումներ, ինչպես նաև պարսկերենի ուսուցիչներ ենք ուղարկել Հայաստան», – նշել է դեսպանը։