Բաժիններ՝

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը, հայտնում է qahana.am կայքը։

Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Տոնի հիմքում Աստվածածնի տուփի մասին գեղեցիկ ավանդությունն է, որը մեզ է հասել դարերի խորքից: Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում:

«Տուփը Երուսաղեմում գտնում են երկու ճգնավորներ՝ Գալբիասը և Կանտիտասը, նրանք ուխտի գնալիս տեսնում են տուփը, որի զորությամբ բժշկվում էին հիվանդներ: Տուփի մեջ պահպանվում էր Աստվածամոր գլխանոցը: Հույն իշխանները վերցնում են տուփն ու բերում Կոստանդնոպոլիս»,- ավանդությունը ներկայացնում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

Կոստանդնոպոլսում տուփը հանձնում են պատրիարքին: Այն զետեղվում է Սուրբ Աստվածածին եկեղեցում, և հաստատվում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Տեր Զենոնի խոսքով՝ Աստվածամոր իրերին մեծ կարևորություն է տրվում, քանի որ դրանց զորությամբ բժշկվում էին: Քահանայի պատգամն է՝ խնդրել սրբի բարեխոսությունը, որ կարողանանք իրապես ունենալ հոգու և մարմնի բժշկում:

Սուրբ Կույսը հանդես է գալիս՝ որպես անմնացորդ սիրող, հոգատար մայր: Թեև նրա մասին դրվագները շատ չեն Աստվածաշնչում, նրա լուռ ներկայությունը Քրիստոսի կողքին տեսնում ենք Ավետարանի սկզբից մինչև վերջ: Սուրբ Կույսի օրինակը դարեր շարունակ ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիր: Նա մշտապես ուղեկցեց իր Որդուն՝ ցույց տալով հավատարմության ու խոնարհության բացառիկ օրինակ:

«Աստվածամայրը կարևոր օրինակ է մեզ համար, որպեսզի կարողանանք հնազանդվել Տիրոջ կամքին, ինչպես Սուրբ Կույսը, շարժվենք Աստծո կամքի համաձայն, բարեպաշտ կյանք վարենք»,- նշում է Տեր Զենոնը: Հոգևորականը հիշեցնում է Աստվածամոր խոսքերը, որոնք արտահայտում են իր անսահման հավատը, վստահությունը Տիրոջ հանդեպ. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս