ՀԱՊԿ անդամ երկրներին տեղեկացվել է ԵԱՀԿ ԽՎ-ին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի մտադրության մասին. Ջաբարով

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանականներին տեղեկացրել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի մտադրության մասին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է «Парламентская газета»-ն։

Ջաբարովը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպմանը։ Միջոցառումն անցկացվել է տեսահղումով։ Ռուսաստանցի սենատորը հիշեցրել է, որ վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Բուխարեստում հունիսի 29-ից հուլիսի 3-ը։

Ռումինիան մերժել է Ռուսական պատվիրակության ներկայացուցիչների մուտքի արտոնագրի տրամադրումը, ուստի նրանք չեն կարողանա ներկա լինել այնտեղ։ Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն ռումինական կողմին համապատասխան նոտա է հղել։

«Դաշնության խորհուրդը և Պետդուման խորհրդարանականների քննարկմանը կներկայացնեն ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին ռուսական պատվիրակության մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ բանաձևերի նախագծեր, որից հետո ընդհանուր որոշումը կուղարկվի ԵԱՀԿ ԽՎ նախագահին»,- նշել է Ջաբարովը։

Տեսանյութեր

Լրահոս