ՀԱՊԿ-ի վերաբերյալ որոշումը կայացնելու է ՀՀ ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է: Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ հավելելով, որ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Նա ՀԱՊԿ-ին մեղադրել էր Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու համար։

«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ-ի մայիսի 12-ի ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը»,– ասել էր նա։

Փաշինյանի խոսքով` դրանից հետո կառավարությունն անցել է շատ կոնկրետ աշխատանքի` բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում էլ հասկացավ, որ ՀԱՊԿ–ը, որի պարտավորությունը այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։

Տեսանյութեր

Լրահոս