«Միակ ճանապարհը ինձ ոչնչացնելն է». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապահով Հայաստանում» երեկ գիշեր հերթական միջադեպն է տեղի ունեցել: Անդրադառնալով դրան, Լևոն Բարսեղյանը, ով հայտնի է իր խիստ ընդդիմադիր կեցվածքով, մեր զրույցում ասաց, որ նման բաներով իրեն հնարավոր չէ վախեցնել, միակ ճանապարհը ֆիզիկապես ոչնչացնելն է:
«Չեն սիրում իմ մեքենաներին, գիտեն, որ իմ մեքենաները իմ աշխատանքային գործիքներն են»,- ասաց Բարսեղյանը, ով դժվարանում էր կռահել, թե կոնկրետ ինչի հետ կարող է կապված լինել իր հերթական ավտոմեքենայի հետ տեղի ունեցած հերթական պատմությունը:
– Մայրս կասեր նավս է (ծիծաղում է): Անհասկանալի բան է, եթե եկել էին կողոպտելու, ինչո՞ւ էին քարերով եկել, մյուս կողմից, եթե խուլիգան են, ղեկի տակ ի՞նչ էին փնտրում: Բեռնախուցը չէին բացել, անիվները չէին տարել: Եթե ուզում էին վնաս տալ, կարող էին բոլոր ապակիները խփել, ջարդել: Անհասկանալի, խուճուճ պատմություն է:
– Ձեր կարծիքով, ի՞նչ էին փնտրում:
– Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ ես կարող է շատ գաղտնի փաստաթղթեր ունենամ ու մանավանդ դրանք պահեմ փողոցում կանգնող մեքենայի մեջ: Չգիտեմ, ով գիտե: Կամ եթե ինչ-որ բան էին որոնում, ինչո՞ւ էին քարով, շուխուռով խփում, ջարդում: Դրա համար ավելի խորամանկ մեթոդների պիտի դիմեին: Այս իմաստով է անհասկանալի: Կամ իսկապես ուռած են եղել, անհասկանալի կերպով փորփրել էին օդորակիչի պանելը, պոկոտել, կրծոտել:
– Սա ձեր որերորդ վնասված մեքենան էր:
– Մենք ունենք 5 չբացահայտված գործ անցած 8 տարում: Էլի են դեպքեր եղել, որոնց մասին հաղորդում չենք տվել: Սա հարուցված 6-րդ քրգործն է:
– Այդուամենայնիվ, ինչի՞ հետ կարող էր կապված լինել այս վերջին դեպքը:
– Այս մեկը չեմ կարող առայժմ ասել: Շատ իդիոտիկ է, դժվարանում եմ ասել:
– Դուք շատ ակտիվ եք ապրիլի 9-ին Գյումրիից Երևան քայլերթի կազմակերպման հարցում, միգուցե փորձել են վախեցնե՞լ:
– Այս իշխանությունները, բոլորը գիտեն, որ դրանով՝ մեքենա վառել, մեքենա ջարդել, հարցերը չեն լուծվում: Ես անկեղծ ասած, իրենց մասին դատում եմ բարեխղճության կանխավարկածից ելնելով, որ այդքան հոտառություն կունենան: Անկեղծորեն, չեմ կապում այս դեպքը մեր ակտիվության հետ: Բայց մյուս կողմից, ինչ-որ անհեթեթ բաներ եմ տեսնում այսօր տեղի ունեցածի մեջ: Գուցե հիմա սառը չենք դատում, վաղը ավելի խելացի կդատենք, բայց այդ պլաստիկից պանելները ջարդել, հաղորդալարերի մեջ ինչ-որ բան որոնել, չեմ հասկանում: Աստված գիտե, ասում են՝ ամեն ինչի մեջ իմաստնություն մի փնտրի, կարող է պատճառը հիմարությունը լինել:
– Հիմա չենք կարո՞ղ ասել, որ սա քաղաքական էր:
– Չեմ կարող դեռ ասել, որովհետև չեմ ուզում մեղք անել, այս քաղաքում բոլորը գիտեն, որ քաղաքական բազառներ ինձ հետ շատ վտանգավոր է անել: Միակ ճանապարհը ինձ ոչնչացնելն է: Եթե մի ծայրահեղ վարկածով նայենք, գուցե թե դրսից մտածել են, որ հնարավոր է, այսօր ավտոն ենք ջարդում, վաղը ասենք քեզ կամ ընտանիքդ: Գուցե դրսից ինչ-որ մի իդիոտ մտածել է ու մի գաստրոլյորի է ուղարկել այստեղ, բայց դա քիչ հավանական է:
– Միգուցե նախազգուշացո՞ւմ էր:
– Ինչքա՞ն պիտի նախազգուշացնեն ինձ, լավ, մինչև երբ են նախազգուշացնելու, ո՞նց հայտարարենք, որ ես արդեն զգուշացված եմ: Իրենք կարող են հազար ու մի նյութական վնաս տալ, բայց իրենք գիտեն, որ սա չէ ճանապարհը կամ ես իրենց շատ բարձր եմ գնահատում, ո՞վ գիտե: Կարող է ժուլիկական մտածողություն ունեցող ինչ-որ մեկը քաղաքական վենդետաներով է որոշել զբաղվել: Ուզում են, ես կջարդեմ իմ մեքենան, եթե իրենք մոտենում են այդ տրամաբանությամբ, որ «բո-բո» անեն: Ես կջարդեմ իրենց առաջ, հետո ի՞նչ են անելու: Ինչքա՞ն կարող են նախազգուշացնել:
Լուսինե Բարսեղյան