Բաժիններ՝

Բայդենը և Զելենսկին 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության երկկողմ համագործակցության շուրջ 10 տարվա համաձայնագիր են կնքել։ Այն ուղղված է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանից և Կիևին ՆԱՏՕ-ի անդամակցությանը մոտեցնելուն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Համաձայնագիրը կնքվել է Իտալիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի ընթացքում։

Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բայդենը հայտնել է, որ համագործակցության նպատակն է ամրացնել Ուկրաինայի պաշտպանական և զսպման կարողությունները երկարաժամկետ հեռանկարի համար։ Փաստաթղթում նաև ուրվագծվում են Ուկրաինայի սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու և ռազմական ներուժն ընդլայնելու ծրագրերը։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, երկու երկրները կկիսեն հետախուզական տվյալներ, վերապատրաստումներ և զինվորական կրթության ծրագրեր կիրականացնեն, ինչպես նաև համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Ուկրաինայի նախագահն այս համաձայնագիրն անվանել է պատմական՝ նշելով, որ դա կամուրջ է դեպի իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

G7-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա համաձայնագիր է կնքել նաև Ճապոնիայի հետ։ Դրանով նախատեսվում է 2024 թվականին Տոկիոյի կողմից Կիևին 4,5 միլիարդ դոլարի հատկացում, ինչպես նաև աջակցություն առաջիկա տասնամյակի համար։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ աշխարհի ամենահարուստ երկրները նաև համաձայնել են 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային, որի տոկոսները կմարվեն ռուսական սառեցված ակտիվների եկամուտներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս