Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ իրենց վճռական դատապարտումը՝ անընդունելի համարելով Ուկրաինայի ինքնիշխան տարածքի բռնակցման փորձը՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտումով։

Այս մասին նշված է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպման արդյունքներով Սպիտակ տան կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Դրանում երկու երկրների առաջնորդներն անընդունելի և անպատասխանատու են համարել Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունն ու սպառազինությունների վերահսկման ռեժիմների անտեսումը: Այդ համատեքստում Ֆրանսիան և Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, այդ թվում՝ Ուկրաինային քաղաքական, անվտանգության, մարդասիրական և տնտեսական օգնության շարունակական տրամադրման միջոցով:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան իրենց աջակցությունն են հայտնել համապարփակ, արդար և տևական խաղաղությանը, որը հարգում է միջազգային իրավունքը, և նշել, որ կշարունակեն աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ՝ համակարգելու համար աջակցության ջանքերը, որպեսզի թույլ տան Ուկրաինային ամբողջությամբ իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, ինչպես արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։

Նախագահները քննարկել են Ուկրաինային աջակցելու համար ավելին անելու տարբերակները պատերազմում, որը, նրանց բնորոշմամբ, վտանգել է եվրատլանտյան անվտանգությունն ամբողջությամբ:

Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համանախագահում են հրետանային կոալիցիան Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբում և մտադիր են նոր քայլեր ձեռնարկել՝ ընթացիկ և երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

Ըստ հայտարարության՝ նախագահները նաև խիստ մտահոգություն են հայտնել զենքի, հատկապես Իրանից և ԿԺԴՀ-ից, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այլ երկրների ձեռնարկություններից ռազմական արտադրության համար կրկնակի նշանակության նյութերի և բաղադրամասերի փոխադրումների վերաբերյալ, որոնք Ռուսաստանն օգտագործում է վերակառուցելու համար ռազմական և պաշտպանական արդյունաբերական բազան՝ շարունակելու համար պատերազմն Ուկրաինայի դեմ։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հայտարարել են, որ հավատարիմ են մնում պատերազմի ողբերգական մարդասիրական և մարդու իրավունքների համար հետևանքների, ինչպես նաև համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և անվտանգության և շրջակա միջավայրի վրա դրանց ունեցած ազդեցության մեղմմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս