Հայաստանի մասին ինֆորմացիային շատ երկրներ են տիրապետում. մեր երկրին չի կարելի ձեռք տալ. Վարդան Ամիրյան

168.am-ի զրուցակիցը Հայ աճպարարների միության նախագահ, աճպարար Վարդան Ամիրյանն է:

Աճպարարների աշխարհը համարում են խորհրդավոր և հեքիաթներով լի: Ի՞նչը ձեզ տարավ այդ աշխարհ:

– Այդպես էլ կա, շատ խորհրդավոր ու հետաքրքիր ժանր է: Երբ առաջին անգամ տեսա հայտնի աճպարար Հարություն Հակոբյանին՝ սիրեցի ոլորտը, ու այդտեղից ամեն ինչ սկսվեց: Աճպարար դառնալու համար ընդհանրապես 9-10 տարեկանից պետք է կարողանաս արդեն զբաղվել դրանով: Ես 16 տարեկանից սկսեցի:

– Մինչ դա՝ 13-14 տարեկանում կարողացել եք հիպնոսի ենթարկել բակի երեխաներին: Որտեղի՞ց այդ տաղանդը:

Կարդացեք նաև

– Չգիտեմ, թե ինչպես էր դա ինձ մոտ ստացվում: Չգիտեի՝ դա ի՞նչ էր, բայց այդ ազդեցությունը թողնում էի՝ երեխաներն անկախ իրենցից՝ սկսում էին անջատվել, քնել: Երևի դա էլ հենց դարձավ պատճառ, որ գնայի Հարություն Հակոբյանի ճանապարհով, որովհետև կյանքում ոչ մի բան պատահական չի լինում:

Դուք ունեցել եք մեկին, ում ցանկացել եք նմանվել, իսկ այսօր երեխաները որպես օրինակ՝ Ձեզ տեսնո՞ւմ են և կա՞ն ցանկացողներ, որ գան, սովորեն:

Երկար տարիներ ապրեցի Իսրայելում, երբ վերադարձա Հայաստան՝ այս ժանրը զրոյական վիճակում էր: Մտածում էի՝ ո՞նց կարող է նման բան լինել: Աճպարարության մասին հաղորդաշար պատրաստեցինք, շատ դեպքերում գաղտնիքներ էինք բացում, ու արդյունքը եղավ այն, որ շատ երեխաներ սկսեցին հետաքրքրվել:

Ի՞նչ ունակություններ պետք է ունենա երեխան, որ ծնողը հասկանա՝ երեխան կարող է աճպարար դառնալ:

– Ամեն մի արհեստ պետք է ի վերուստ տրված լինի, հետո պատուհանը պետք է բաց լինի, որ կարողանա կյանքի ընթացքում աշխատել: Պետք է ունենա ձեռքի և մտքի ճկունություն, կարևոր է հոգեբանությունը: Կարևոր է նաև պատկերացումը:

Հայաստանում ծնողներն ավելի շատ ուզում են՝ երեխան այնպիսի մասնագիտություն ընտրի, որը եկամտաբեր կլինի: Ձեր ոլորտն արդյո՞ք եկամտաբեր է:

– Հայաստանում՝ ոչ: Որպես բողոք՝ կհնչի, բայց իրականությունն է: Այն երկրները, որտեղ սոցիալ-տնտեսական վատ վիճակ է, սկսում են աճել տարբեր տեսակի դերասաններ, բախտ բացողներ, էքստրասենսներ: Ծաղրածուի քիթը դնում է քթին՝ ասելով, թե՝ ես ծաղրածու եմ: Ինչպե՞ս կարող ես ծաղրածու լինել, այն խորը գիտություն է, փիլիսոփայություն: Ի դեպ, ծաղրածուն կրկեսում միակ մարդն է, որ տիրապետում է բոլոր ժանրերին: Կրկեսի փրկիչն է: Վատն այն է, որ որակի հետ գցել են նաև գինը: Աճպարարին դրսում բարձր են վարձատրում: Եվրոպայում, Ռուսաստանում աճպարարի մեկ ելույթը՝ 10 րոպեով, 300 դոլարից պակաս չէ: Իսկ ամբողջ՝ 1-1.5 ժամանոց ծրագիրը 5000-6000 դոլար է:

– Նշեցիք, որ երկար տարիներ ապրել եք Իսրայելում. ինչո՞ւ հենց այդ երկիրը:

– Ամենուր ներկայացրել եմ հայ աճպարարական արվեստը, հետո հրավեր եղավ, 1993-2005թթ. ապրեցի Իսրայելում: Հետո, երբ ցանկացա աշխատել Իսրայելի բոլոր քաղաքներում, ինձ ասացին, որ՝ չես կարող, քանի որ լիցենզիա չունես: Օր նշանակեցին, որ լիցենզիայի համար քննություն տամ: 10 հոգի մարդ էր նստած: Պատրաստել էի 15 րոպեանոց ելույթ, սակայն մեկ՝ 3 րոպեանոց հնարքից հետո ասացին՝ հերիք է, շնորհակալություն: Երեք օր հետո ամենաբարձր կարգի որակավորումը տրվեց: Անգամ թույլ տվեցին, որ բոլոր դպրոցներում աճպարարական դասընթացներ անցկացնեմ, իսկ այստեղ դպրոցներում անգամ հայոց լեզուն նորմալ չեն սովորեցնում, ուր մնաց՝ աճպարարական հնարքները:

Աճպարարներն օգտվում են արտաքին ինֆորմացիայից, և գոյություն ունի մի գեղեցիկ ու հետաքրքիր ճյուղ, որը կոչվում է մենթալ մոգություն: Դա հոգեբանական մոգությունն է:

– Այդ մենթալ մոգության շնորհիվ Դուք կարողանում եք տեսնել ոչ միայն անցյալը, նաև ապագա՞ն: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:

– Իհարկե: Ոչ թե տեսնում ես, այլ զգում ինֆորմացիան, երբ գալիս է: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այն երկիր մոլորակի սիրտն է: Եթե Հայաստանը վերանա՝ կվերանա ամբողջ մոլորակը: Դրա մասին շատ երկրներ գիտեն ու տիրապետում են այդ ինֆորմացիային: Եվ այն երկրները, որոնք ունեն առողջ գիտակցություն՝ գիտեն, որ Հայաստանին, հայ ժողովրդին չի կարելի ձեռք տալ: Հայ ժողովուրդն ունի մի կոդ, որը ոչ ոք չունի: Կան նաև շատ երկրներ, որ ունեն ոչ առողջ գիտակցություն: Կարելի է համարել, որ շիզոֆրենիկ հիվանդներ են: Վերցնենք երկրների ղեկավարներին. այսօր ամբողջ աշխարհում փող գտնում են պատերազմների համար, բայց փող չկա  նորմալ ապրելու համար: Սա հիվանդություն է: Իսկ Հայաստանում ամեն բան լավ է լինելու, մեզ լավ ապագա է սպասվում:

– Հայտնի աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդն ունի մականուն՝ «Դավինո»: Դուք ունե՞ք:

– Երբ աշխատում էի Իսրայելում, ուզում էին մականուն որոշել, բայց հրաժարվեցի, քանի որ հասկացա՝ այնտեղ այնպես էին անում, որ հայկական ազգանուն չլինի: «Միստր Վան» էին դրել, բայց շուտ հասկացա, թե ինչ է տեղի ունենում, ու ասացի, որ ունեմ անուն-ազգանուն, հայ եմ և պետք է մնամ հայ: Ի դեպ, անձնագիր տալու համար ինձ կես տարի տարան-բերեցին: Ասում էին՝ անձնագրի մեջ գրենք՝ հա՞յ, թե՞ հրեա: Ասում էի՝ հայ: Նրանք, թե՝ գնա, լավ մտածի ու այդպես՝ 6 ամիս: Վերջում գրեցին՝ հայ։ Դա էլ իրենց քաղաքականությունն է, ոչինչ չես կարող անել:

Տեսանյութեր

Լրահոս