Ալիևն ուզում է Հայաստանից ստանալ համաձայնություն՝ Արցախի հարցը վերջնական փակելու համար, սակայն Արցախի հարցը չի փակվելու. Կարեն Միրզոյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի՝ մեկնաբանելով, թե «Ադրբեջանը ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել է»։

Երեկ հերթական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ղեկավարը՝ Հայաստանին առաջարկելով միասին դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարել Մինսկի խումբը։

«Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը։ Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են»,- ասել է Ալիևը։

ՀՀ իշխանությունները կկատարե՞ն Ալիևի հերթական պահանջը, ներկայիս փուլում Արցախի հարցի ու արցախահայության իրավունքների համար որքանո՞վ է կարևոր ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նկատեց, որ Արցախի հարցը ՀՀ օրվա իշխանությունների անձնական օգտագործման բնակարանը չէ, որ բացեն ու փակեն։ Արցախի հարցն օբյեկտիվորեն գոյություն ունի և անկախ ՀՀ ներկայիս իշխանությունների ցանկացած հայտարարությունից, Արցախի հարցը գոյություն է ունենալու՝ քանի կան արցախահայերը, Արցախի ժողովուրդ, որն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին։

«Հիմա այն, ինչ տեղի է ունենում, տրամաբանորեն տեղավորվում է ադրբեջանական քաղաքականության մեջ՝ հնարավորինս շատ զիջումներ կորզել հայկական կողմից, ստեղծելով այնպիսի մի իրավիճակ, որպեսզի հետագայում իրենց իսկ հաշվարկներով որևէ խնդիր չունենան։

Կարո՞ղ են ՀՀ իշխանությունները գնալ այդ քայլին, թե՞ ոչ, այսինքն՝ Ադրբեջանի հետ դիմեն Մինսկի խումբը լուծարելու համար՝ ուրիշ հարց է, ինքս դա չեմ բացառում։ Սակայն դեռևս հույս ունեմ, որ իշխանությունները գոնե մի փոքր խելամտություն կցուցաբերեն ու այդ քայլին չեն գնա»,- նշեց Կարեն Միրզոյանը։

Արցախի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարն ասաց՝ իմաստ չկա գնալ Ադրբեջանի պահանջին ընդառաջ ու լուծարել Մինսկի խումբը, քանի որ դրանով անհնարին է փակել Արցախի հարցը, ավելին՝ դրանով չեն ավարտվելու Ադրբեջանի պահանջները։

«Մենք բոլորս ականատես ենք, որ Ադրբեջանն անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշում, և ՀՀ իշխանությունը դրանք ընդհանուր առմամբ կատարում է»,- հավելեց Կարեն Միրզոյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ միջազգային հարթակներում Արցախի ու արցախահայության հարցը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից բռնի տեղահանված ժողովուրդ կա ու այդ ժողովուրդը չի վերադարձել իր բնօրրան։

«Արցախահայերը պահանջատեր են, նրանք ցանկանում են վերադառնալ իրենց պատմական հայրենիք։ Կրկնում եմ՝ քանի դեռ արցախահայերը կան, անկախ ցանկացած կառույցի բացումից կամ փակումից՝ Արցախի հարցը մնալու է։ Մինսկի խմբի լուծարումը, ֆորմալ առումով, Ալիևին կարող է թվալ, որ դա հաղթանակ է, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ն միջազգային այն կազմակերպություններից է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի, ընդհանուր հայտարարի սկզբունքով։ Ալիևն ուզում է Հայաստանից ստանալ համաձայնություն՝ իր կարծիքով՝ Արցախի հարցը վերջնական փակելու համար, սակայն Արցախի հարցը չի փակվելու։ Հիշեցնեմ, որ Արցախի հարցը գոյություն է ունեցել մինչև Մինսկի խմբի ստեղծումը և ստեղծումից հետո Մինսկի խումբը կատարել է հսկայական աշխատանք, որը, ցավոք, ՀՀ օրվա իշխանությունը չկարողացավ օգտագործել։ Այդուհանդերձ Մինսկի խումբը չի որոշում Արցախի հարցի հետագա ընթացքը»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը։

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, ասել էր.

«ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ի՞նչ էր, եթե ոչ՝ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ-ի վրա։ Էդ ի՞նչ էր, այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և խմբի երկրների շահերը նենց են համընկնում, որ հեսա գալու են ու սա սենց են անելո՞ւ, նա նենց են անելո՞ւ։ Մեզ 30 տարի էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից՝ էս կողմ, չեք նկատել։

Հակառակը, մենք ուզում ենք Հայաստանը հանել այդ աշխարհաքաղաքական մրցակցությունից, ասենք՝ հոպ, ընկերներ, այստեղ երկիր կա»,- նշել էր նա։

Հարկ է հիշեցնել, որ Ալիևը նախկինում մշտապես բողոքել ու դժգոհել է Մինսկի խմբի աշխատանքներից, հայտարարելով, թե պաշտպանում է հայկական կողմի շահերը և ստիպում ճանաչել Արցախը։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ստեղծման վերաբերյալ որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը՝ 1992 թվականի մարտի 24-ին։ Խումբն իր անվանումը ստացել է խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։

Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

Տեսանյութեր

Լրահոս