3-րդ կորպուսը գոյություն ունի, բայց այդ տարածքը սահմանապահ զորքի հսկողության գոտի է. փոխնախարար
ԱԺ-ում լրագրողները փորձել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից պարզել՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում դիրքային ինչ փոփոխություն է եղել, ինչին ի պատասխան՝ նա նշել է.
«Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը: Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է»:
Այնուհետև պաշտպանության փոխնախարարը մի փոքր ուղղում է մտցրել իր խոսքում՝ ասելով. «Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր, և այդ գոտում ծառայություն են իրականացնելու սահմանապահները: Իսկ 3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց»:
Արման Սարգսյանը շրջանցել է զորքի հետքաշման մասին հարցը, բայց դա չի խանգարել պնդել, թե շատ բաց և թափանցիկ են:
Հավելենք, որ մայիսի 29-ին Ազգային ժողովում (ԱԺ) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս անդրադարձել էր Տավուշում սահմանազատված հատվածներում սահմանապահ ուժերի տեղակայմանը և ՀՀ զինված ուժերի ծառայությանը և, մասնավորապես, հայտնել.
«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր ուղղությունում, օպերացիոն ուղղությունում, օպերատիվ ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ՝ զինված ուժերի խնդիրների իրականացման համար: Սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն: Այսինքն, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:
Մանրամասները՝ տեսանյութում