Բաժիններ՝

Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միխայիլ Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։

Այս մասին ՌԴ վարչապետն ասել է ԵԱՏՄ-ի 10-ամյակի կապակցությամբ Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում բոլոր հինգ անդամ պետությունները՝ հստակեցնելով, որ դա առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության արդյունքում է։

«Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», -ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ անդամակցող պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են, քան ԱՊՀ երկրներում, որոնք ներգրավված չեն նման խորացված ինտեգրացիոն ձևաչափում:

«Նախորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5%-ը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ը: Նմանատիպ իրավիճակ է, ի դեպ, նաև Ղրղզստանում, որտեղ ՀՆԱ-ի դինամիկան 2023 թվականին նույնպես բարձր է եղել»,- հայտնել է Միշուստինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս