Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել

Հայաստանի արտաքին պահուստներից վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար են հանել։ Եթե անցած տարվա օգոստոսին տարադրամային պահուստներն անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել են 3 մլրդ 188 մլն դոլար։

Զուտ արժութային պահուստները 4 մլրդ 217 մլն դոլարից իջել են 3 մլրդ 178 միլիոնի։

Պահուստները 1 մլրդ 31 մլն դոլարով կրճատվել են։

Զուտ արժութային պահուստները կրճատվել են շուրջ 1 մլրդ 39 մլն դոլարով։

Կարդացեք նաև

Միջին ամսական հանել են 129 մլն դոլար, ինչից հետո հիմա պահուստները գտնվում են վերջին երկու տարվա ամենացածր մակարդակի վրա։

Պահուստների նվազումը տեղի է ունեցել Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերի ու արտաքին ֆինանսական հսկայական հոսքերի պայմաններում։

Ճիշտ է, վերջին շրջանում արտաքին ֆինանսական հոսքերը բավական կրճատվել են, սակայն շարունակում են անհամեմատ ավելի շատ լինել, քան մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այդ հակամարտության ու դրսից մտնող մեծ գումարների արդյունքում էլ 2022թ. կեսերից արձանագրվեց Հայաստանի արտաքին պահուստների ակտիվ աճ։

Պահուստների մակարդակը պիկին հասավ անցած տարվա օգոստոսին, որից հետո դրանք սկսեցին կրճատվել։

Կրճատումը մեծ տեմպերով շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։

Տարեսկզբի 4 ամիսներին պահուստները նվազել են ավելի քան 419 մլն դոլարով։

Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածից պակաս են ավելի քան 448 մլն դոլարով։

Այս տարի զուտ արտարժութային պահուստները նույնիսկ ավելի շատ են կրճատվել՝ 428 մլն դոլարով։

Հունվարին կրճատվել են 89 միլիոնով, փետրվարին՝ 152 միլիոնով, մարտին՝ 83 միլիոնով, և ապրիլին՝ 104 միլիոնով։

Ո՞ւր են գնացել այս գումարները, ի՞նչ են արել, ինչի՞ վրա են ծախսել, ոչինչ հայտնի չէ։

Իշխանությունները սովորություն չունեն խոսել այսպիսի տխուր երևույթների մասին։ Դա իրենց շահերից չի բխում, չեն կարողանում դրանց շուրջ մանիպուլյացիաներ անել։ Մինչդեռ՝ ժամանակին հպարտանում էին արտաքին պահուստների «պատմական ռեկորդներով»։

«Մեկ տարում Հայաստանի արտաքին պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։

Միջազգային պուհուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ են։ Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- 2019թ. վերջին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային պահուստները, որոնք Նիկոլ Փաշինյանը ժամանակին համարում էր ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ, ինչի շնորհիվ «աճում է երկրի տնտեսական վարկանիշը», այս հայտարարությանը հաջորդած գրեթե չորս ու կես տարվա ընթացքում ավելացել են ընդամենը 338 մլն դոլարով։ Այն էլ այսպիսի հսկայական ֆինանսական հոսքերից հետո։

Հայաստանի արտաքին պահուստները կրճատվում են ազգային արժույթի ամրապնդման պայմաններում, ինչը հասցրել է հսկայական վնասներ պատճառել տնտեսությանը։ Այդ վնասները, անշուշտ, կարող էին մեղմել՝ ավելցուկային տարադրամի հաշվին արտաքին պահուստները համալրելու միջոցով։ Արդյունքում՝ մի կողմից՝ ֆինանսական անվտանգության լրացուցիչ բարձիկներ կստեղծեին, մյուս կողմից՝ շնչելու որոշ հնարավորություններ կտային տնտեսությանը։ Հատկապես որ, չկա նաև փոխարժեքների միջոցով գնաճը ճնշելու անհրաժեշտությունը։

Բայց դա էլ չեն անում, թողնում են, որպեսզի ազգային արժույթը շարունակի չափից դուրս ամրապնդված մնալ՝ վնասելով տնտեսությանը։

Տարադրամային պահուստները կարևոր ֆունկցիա ունեն՝ սկսած ներքին ֆինանսական կայունության ապահովումից, վերջացրած տարադրամային պարտքի սպասարկմամբ ու արտաքին առևտրի ֆինանսավորմամբ։

Ներքին ֆինանսական, մասնավորապես՝ արժութային շուկայի կայունության ապահովման առումով այս ընթացքում տարադրամային միջոցների կարիք չի զգացվել, մի բան էլ ավելցուկ է եղել՝ հանգեցնելով դրամի ամրապնդման։ Իսկ թե մյուս երկու գործոններից հատկապես որի՞ մասով է տեղի ունեցել պահուստների նվազումը, տեղեկություններ չկան։ Կարող էր երկուսի հաշվին էլ լինել։ Եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը, խոսքը միայն տոկոսները վճարելու մասին չէ, ու դրա համար գնալով ավելի ու ավելի շատ միջոցներ են պահանջվում։ Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հայաստանը վերածվել է որոշ երկրների հետ առևտրային հոսքերը սպասարկող խողովակի։ Ներմուծման ֆինանսական ապահովվածությունը ևս արտաքին պահուստների դաշտում է։

Անկախ նրանից, թե պահուստներն ինչի հետևանքով են կրճատվել, դրանք այլևս վտանգավոր գոտում են։

Հիմա արդեն դրանց մակարդակն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս ապահովել 3 ամսվա ներմուծման ծածկույթ, ինչը միջազգային չափանիշներով համարվում է պահուստների մակարդակը գնահատելու առաջնային պայմաններից մեկը։

Մինչ պահուստները կրճատվում են, վերջին շրջանում ներմուծման տեմպերը հսկայական քայլերով ավելանում են։

Արդեն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով, արտաքին պահուստներն էապես զիջում էին ներմուծման երեք ամսվա ծածկույթը։

Երեք ամսում 4,7 մլրդ դոլարի ներմուծում էր իրականացվել, ինչը 1,5 միլիարդով գերազանցում է արտաքին պահուստները։

Չորս ամսվա տվյալներով՝ պահուստների ու ներմուծման հարաբերակցությունն էլ ավելի է վատացել՝ պահուստները 3,2 մլրդ դոլարից պակաս են, մինչդեռ արտաքին առևտրի ներմուծման բաժինն անցնում է 7,7 մլրդ դոլարից։

Հայաստանի տարադրամային պահուստների մակարդակը՝ հարաբերած ներմուծման ծածկույթի հետ, արդեն վտանգավոր գոտում է, ու այս միտումը շարունակում է խորանալ։ Վերջին ամիսներին հսկայական գումարներ են դուրս բերվել պահուստներից, հայտնի չէ, թե ինչ նպատակով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս