Համացանցը կարող է նաև չարիք լինել. հոգեբան
«Համացանցում մարդիկ ինքնահաստատվում և հանրությանն են ներկայանում իրենց նախընտրած կերպարով, սակայն այդ կերպարը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը և կարող է շատ հաճախ մարդու առողջության համար վտանգավոր լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, Երևանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը: Վերջինս, խոսելով համացանցի և համակարգչի վնասաբերության մասին, նշեց, որ թեև համացանցում մարդիկ կարողանում են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց նայել հարցին միայն դրական տեսանկյունից պետք չէ: Համացանցը կարող է նաև չարիք լինել թույլ, ինչ-որ կերպ խոցելի մարդկանց և նրանց հոգեբանական վիճակի համար: «Համացանցը մի կողմից հանդիսանում է ձանձրույթը լցնելու, ցրելու միջոց, բայց չպետք է մոռանալ, որ այն հատկապես պատանիների համար շատ վտանգավոր է: Մասնագետները խորհուրդ են տալիս համակարգչի առջև նստել ոչ ավելի, քան 45 րոպե»,- ասաց Խ. Գասպարյանը: Դա, սակայն, չի վերաբերում համակարգչով աշխատող անհատներին, որոնց աշխատանքը անմիջականորեն կապված է համացանցի և համակարգչի հետ: Այդուհանդերձ, նրանց համար նույնպես Խ. Գասպարյանը առանձնացրեց մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը: «Իհարկե, մարդիկ կան, օրինակ ծրագրավորողները, լրագրողները, ովքեր համակարգչի առջև նստած աշխատում են բավական երկար ժամեր: Նրանց ևս երկար աշխատելու դեպքում առողջական որոշակի խնդիրներ են սպառնում, այն է՝ մեջքի շրջանում ցավերը, հոդացավերը, տեսողությունը: Այդ ամենից կարելի է խուսափել համակարգչի առջև որոշակի ընդատումներով նստելով և առողջ ապրելակերպ վարելով»,- ասաց Խ. Գասպարյանը: