Մհեր Սեդրակյան. Օսկանյանին բերենք Սովետաշեն, բաց թողնենք` կարա՞ իրա տուն գնա. մամուլ
«Ըստ որոշ լուրերի՝ Երևանի ավագանու ընտրությունների «կուրացիան» այս անգամ իրականացնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Թվում էր՝ այս «սուրբ գործը» դրված էր Գագիկ Բեգլարյանի ուսերին, բայց, ինչպես երևում է, Սեդրակյանը նախագահական և խորհրդարանական ընտրություններում գերազանցել է բոլոր «ընտրակազմակերպչական» ռեկորդները և դարձել առաջամարտիկ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և ներկայացնում Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցը.
– Ես ո՞վ եմ, որ իմ վրա նման պատասխանատվություն դրվի: Ստից բաներ են խոսում: Ես, բնականաբար, խառնվելու եմ, բայց իմ վրա պատասխանատվություն դրված չկա:
– Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս եք խառնվում, շտաբնե՞ր եք բացում, ի՞նչ եք անում և, ընդհանրապես, ո՞նց եք դրսևորվելու այս ընտրություններում:
– Դե, մեր նախագահը ՀՀԿ նախագահն է, և Տարոնը՝ ՀՀԿ կուսակցության անդամ, բնականաբար, ես պետք ա խառնվեմ: Ոչ թե մենակ ես, այլ ՀՀԿ-ում ինչքան մարդ կա, բոլորն էլ խառնվում են, նորմալ ընտրություններ կազմակերպում:
– Պարոն Սեդրակյան, գուցե Ձեզ նո՞ր պիտի առաջարկեն, հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններում Ձեր համայնքում բարձր արդյունքներ գրանցեցիք՝ շնորհիվ Ձեր «հմտությունների»: Հիմա էլ, հավանաբար, ուզում են Ձեր փորձառությունն ամբողջ Երևանի վրա կիրառել:
– Ես նման կաշկանդված… ես ընդհանրապես որևէ խնդիր չունեմ: …Դե, փորձը փորձանք չի, թող օգտագործվի (նկատի ունի իր փորձառությունը՝ Լ.Շ.), ի՞նչ ա եղել: Եթե կարող ենք նորմալ ընտրություններ անել՝ առանց կեղծիքների, և հաղթենք, շատ լավ, կարող են օգտագործել նաև իմ փորձը, էլի: Իսկ պատասխանատվություն առայժմ չկա:
– Բայց մի մոռացեք, որ եթե նախագահական ընտրություններին քաղաքական որոշ ուժեր, այդ թվում ԲՀԿ-ն, չէր մասնակցում, ավագանու ընտրություններին շատերն են մասնակցում և խրոխտ հայտարարություններ անում, թե հաղթելու են: Ուստի Ձեր հին, ավանդական մեթոդները, կարծում եք, կարդարացնե՞ն, թե՞ նոր տեխնոլոգիա եք պատրաստվում կիրառել:
– Ավելի լավ կլինի խրոխտ հայտարարություն չանենք, բայց գործ անենք ու արդյունք ունենանք: Ամպագոռգոռ բառեր չասենք, չարտահայտվենք, ձեն չհանենք, նորմալ արդյունք ունենանք, դա է ճիշտը:
– Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երևանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ-ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում:
– Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի: …Չէ, Դուք ինձ ասեք՝ ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցությունների ո՞վ կա քաղաքապետի թեկնածու, որ… էս բոլորը հաշվի պտի առնվի, չէ՞:
– Ինչո՞ւ եք այդպես ասում, օրինակ, Վարդան Օսկանյանն է ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում…
– Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա:
– ….Վահագն Խաչատրյանը՝ նախկին քաղաքապետ, ՀԱԿ ցուցակում:
– Եկեք մեռելների մասին չխոսանք, մենք խոսում ենք նոր… Դրանք անցած պատմություններ են, վերջացել են, ոնց որ հարամելու համար սնկի պես դուրս են գալիս, աճում են, մենք ունենք մեր քաղաքապետը, մենք՝ մեր քաղաքի ժողովուրդս, ուզում ենք Տարոն Մարգարյանին: Հիմա ոնց որ իրանք մտածում են, դա իրանց խնդիրն է, բայց մենք արդեն որոշել ենք, երևանցիներով ուզում ենք մեր քաղաքապետը լինի Տարոն Մարգարյանը:
– Դուք ասացիք, որ ընտրությունները չեն կեղծվել, բայց Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները դեռ վիճարկում են ընտրությունների արդյունքները, և հրապարակի ժողովուրդն էլ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանին է ուզում քաղաքապետի պաշտոնում տեսնել: Ո՞ւմ նկատի ունեք, որ ասում եք. «մենք՝ երևանցիներով», այդ ո՞նց պետք է ընտրեք:
– Դե, ժողովուրդն ումը կընտրի, կգնահատի, էլի, դա էի ասում:
– Պարոն Սեդրակյան, ինչո՞ւ են Ձեր ազգականներից շատերը հանգրվանել ՀՀԿ ավագանու ցուցակում, այնտեղ է Ձեր տղան, փեսան…
– Իմ փեսան նախկին ավագանի էր, ինքն աշխատում էր քաղաքապետարանում, Գագիկ Բեգլարյանի ժամանակ, տղան էլ ցուցակում կար, ինքն էլ էր անցել, բայց հրաժարվեց, որովհետև իրան պետք չէր ավագանի դառնալը: Հիմա էլ երկուսն էլ կան, բայց իմ տղան ավագանի չի աշխատի, որովհետև իրա ինչի՞ն է պետք ավագանին: Ինքը գնաց Գլենդել, սովորեց էդքան, որ գա ստեղ ավագանի՞ աշխատի: Ասում են՝ քաղաքապետի տեղակալ պիտի դառնա, նման շշուկներ են ականջիս հասել, բայց ես հաստատ համոզված եմ, որ ոչ էլ դա է իրան պետք:
– Այդ դեպքում ինչո՞ւ է ընդգրկվել ցուցակում, գուցե ա՞յլ հավակնություններ կան…
– Դա էլ ընտրության քաղաքականություն է, որը գաղտնիք է, վերջում կասենք, որ շատ մարդիկ չսովորեն: Բայց հաստատ իմ տղեն ավագանի չի դառնալու և ոչ էլ քաղաքապետարանում է աշխատելու: Դրանք ասուխոսներ են, ստից խոսում են: Կամ, ասենք, լավ, մի հատ էլ աշխատեր ավագանի, խի ումի՞ց էր պակաս ինքը, բայց ինքը ցանկություն չունի:
Լուսինե Շահվերդյան