Արտահոսքն ակտիվանում է  

Քաղաքացիների անձնական գումարների արտահոսքը Հայաստանից ակտիվացել է։ Սկսել են ավելի շատ ֆինանսական միջոցներ հանել երկրից։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 116 մլն դոլար։

Խոսքը բացառապես քաղաքացիների անձնական միջոցների մասին է, որոնց արտահոսքը երեք ամսում 18,2 տոկոսով կամ գրեթե 18 մլն դոլարով ավելի է եղել։

Թե ինչո՞ւ են մարդիկ հանում իրենց գումարները Հայաստանից, հավանաբար դժվար չէ հասկանալ. Վստահություն չկա երկրի ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։ Անվտանգության հետ կապված խնդիրները ստիպում են մարդկանց ավելի ապահով վայր տեղափոխել իրենց միջոցները։

Կարդացեք նաև

Դրան նպաստում են նաև իշխանությունների անպատասխանատու քայլերը, որոնք արագացնում են ֆինանսական միջոցների փախուստը Հայաստանից։

Անձնական ու քաղաքական շահագրգռվածություններից ելնելով՝ բանկային գաղտնիքը հավասարեցրել են զրոյի։ Որպես այդպիսին, այն այլևս որևէ արժեք չի ներկայացնում։

Այնքան են արժեզրկել, որ արդեն անգամ հասարակ հարկային տեսուչը կարող է հասանելիություն ստանալ քաղաքացու բանկային գաղտնիք պարունակող տվյալներին։

Եկամուտների հայտարարագրման անվան տակ, որը, ինչպես հայտնի է, այս տարվանից արդեն գործում է քաղաքացիների որոշ կատեգորիաների համար, իրավունք են վերապահել հարկային տեսուչին՝ պահանջել ու ստանալ բանկային գաղտնիք պարունակող տվյալները։

Զարմանալի չէ, որ այդքանից հետո ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է։

Քաղաքացիների անձնական միջոցների արտահոսքի բարձր ակտիվություն է արձանագրվել դեպի Միացյալ Նահանգներ՝ 68 տոկոսից ավելի աճ կա։

Եթե նախորդ տարի ԱՄՆ էր գնացել 16,3 մլն դոլար, այս տարի հասել է 26,4 միլիոնի՝ 10,1 միլիոնով ավելի շատ։

Սրանք միայն ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումներն են։ Այսինքն՝ այդ գումարները դուրս չեն եկել առևտրային գործարքներ ֆինանսավորելու համար, հանվել են ավելի ապահով վայր տեղափոխելու նպատակով։ Դա երևում է հատկապես Շվեյցարիայի նկատմամբ հետաքրքրությունների կտրուկ ակտիվացման ֆոնին։

Շվեյցարիա այս տարի Հայաստանից գնացած գումարները ոչ թե 10-20-50 կամ 100, այլ 630 տոկոսով ավելացել են։ Ըստ էության, տեղի է ունեցել նպատակաուղղված արտահոսք։

Եվ դա պատահական չէ՝ Շվեյցարիան հայտնի է իր ապահով,  անհամեմատ անվտանգ ու պաշտպանված բանկային համակարգով։ Այդ է պատճառը, որ ֆինանսական միջոցներն ամբողջ աշխարհից հոսում են այստեղ։

Եթե նախորդ տարի քաղաքացիները Հայաստանից Շվեյցարիա էին փոխանցել ընդամենը 1,2 մլն դոլար, այս տարի փոխանցված անձնական գումարները հասել են գրեթե 8,8 միլիոնի։

Մեկ տարում 7,6 միլիոնով ավելացել են։

Քաղաքացիների անձնական միջոցների բավական ակտիվ տեղաշարժ է արձանագրվել նաև Մեծ Բրիտանիայի ուղղությամբ։ Այս դեպքում ֆինանսական միջոցների արտահոսքի աճն անցնում է 75 տոկոսից։

Ավելի քան կրկնակի աճել են նաև Արաբական Միացյալ Էմիրաթներ փոխանցված գումարները։

Թեև, ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Էմիրաթների  պարագայում խոսքը գուցե և շատ մեծ գումարների մասին չէ՝ գրեթե 5-ական միլիոն դոլար՝ երեք ամսվա ընթացքում։

Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքի առումով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Չնայած, ի տարբերություն մի շարք այլ երկրների, այս դեպքում հոսքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նույնիսկ նվազել են։ Ենթադրվում է, որ դրա վրա ազդել է այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Ռուսաստանը։

Քաղաքացիների անձնական գումարների արտահոսքը Ռուսաստան երեք ամսում կազմել է 35,7 մլն դոլար։ Նախորդ տարի անցնում էր 38,1 միլիոնից։

Հատկանշական է, որ ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացումը Հայաստանից տեղի է ունեցել հակառակ ուղղությամբ հոսքերի կրճատման պայմաններում։

Այս տարի քաղաքացիները մաքուր տրանսֆերտների տեսքով անհամեմատ ավելի քիչ գումարներ են ուղարկել. երեք ամսում՝ 225 մլն դոլարի կարգի։

Անցած տարի ստացվել էր 339 միլիոն՝ 114 միլիոնով ավելի շատ, քան այս տարի։

Կրճատումը կապված է հիմնականում Ռուսաստանից ստացվող գումարների հետ։ Դրանք էապես նվազել են՝ ավելի քան կրկնակի։ Նախորդ տարվա 211 մլն դոլարից իջել են 93 միլիոնի։ Տարբերությունը կազմել է 118 միլիոն։

Նախկին բարձր ակտիվությունը, որը տեսանք վերջին երկու տարիներին Ռուսաստանից ֆինանսական միջոցների մուտքերի առումով՝ աստիճանաբար մարում է։ Գումարների, հատկապես՝ անձնական ու սոցիալական նպատակներով ուղարկվող գումարների շարժը գնալով դանդաղում է։

Մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում Հայաստանից տեղափոխվող ֆինանսական միջոցների ակտիվացմանը զուգահեռ։

Քաղաքացիների կողմից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված գումարները 33-34 տոկոսով կրճատվել են, Հայաստանից դուրս եկածները՝ 18,2 տոկոսով ավելացել։

Սրա հետևանքով էլ կտրուկ կրճատվել է մնացորդը։

Մաքուր մուտքը կազմել է ընդամենը 109 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավելի քան կրկնակի պակաս է։ Նախորդ տարի եղել էր 241 միլիոն։

Հիշեցնենք, որ սրանք հիմնականում սոցիալական նշանակություն ունեցող գումարներ են։

Բազմաթիվ քաղաքացիներ այդ գումարների հաշվին են լուծում իրենց սոցիալ-կենցաղային խնդիրները։ Ու երբ դրանք կրճատվում են, կրճատվում են նաև այդ քաղաքացիների եկամուտները՝ հանգեցնելով նրանց սոցիալական պայմանների վատացման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս