«Արծվաշենը մի մոռացեք, որն իր չափերով, իրավական կարգավորումներով և՛ մեծ է, և՛ իրավական հիմք ունի». Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվածները հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում են, ուստի կարծում է՝ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի նրանք հեռանկարային որոշումներ կայացնեն։
«Մեկ բան ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում, որպեսզի մեր հայրենակիցները հայաստանցի դուրս գան, այսինքն՝ արտագաղթ տեղի ունենա։ Տրամադրված ենք ամեն ինչ անել, որ այստեղ հարմար պայմաններ գտնեն ու մնան։ Եթե որոշեն վերադառնալ Արցախ, ապա դա բարդ որոշում է, որովհետև դրա մասին ես որևէ բան չեմ կարող ասել»,- Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։
Ինչ վերաբերում է հայկական 8 գյուղերը վերադարձնելու մասին Ալիևի հայտարարությանը, Գնել Սանոսյանն ասաց, որ կան քարտեզներ և կան այդ քարտեզների համար իրավական հիմքեր։
«Դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար՝ ուրիշ։ Որևէ տարածք կամ անկլավ կոչվող տարածքը նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։ Սրա մասին մեր տարբեր գործընկերներ խոսել են, ովքեր ավելի տեղյակ են բանակցային պրոցեսներից, ես այդքան տեղյակ չեմ։ Ենթադրելով, որ երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա դեմարկացիա, դելիմիտացիա։
Ոչ թե բառերին ու մտքերին պետք է նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Ես ձեզ խնդրում եմ, որպես հայաստանցի լրագրողներ, անկլավներից անընդհատ խոսելով՝ մեր Արծվաշենը մի մոռացեք, որն իր չափերով, իրավական կարգավորումներով և՛ մեծ է, և՛ իրավական հիմք ունի։
Երբ դեմարկացիա ու դելիմիտացիա լինի, այդ բոլոր հարցերը դրա շրջանակներում կլուծվեն»,- նշեց Գնել Սանոսյանը։
Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե արցախցի պետական աշխատողների սեպտեմբերի աշխատավարձն ինչո՞ւ է սառեցված, Գնել Սանոսյանն ըստ էության հրաժարվեց պատասխանել հարցին, պատճառաբանելով, որ դա իր ոլորտին չվերաբերող հարց է։
«Դա ֆինանսական բլոկին վերաբերվող հարց է, մանրամասները հայտնի չէ։ Բայց ենթադրում եմ, ոչ ցանկացած որոշում կայացնելու համար պետք են իրավական հիմքեր, կարծում եմ՝ դրանք եղել են»,- եզրափակեց Գնել Սանոսյանը։