Օրհասական պահին եկեղեցին է միշտ առաջնորդել ժողովրդին՝ համաշխարհային պատմության մեջ կան նման օրինակներ. արժանապատվության հարց է, այսպես շարունակվել չի կարող. Աստվածաբան 

Արդեն 5-րդ օրն է՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով Տավուշից գալիս է Երևան։ Ինչպես նախապես հայտարարել էր Բագրատ սրբազանը, երթը մայիսի 9-ին կլինի Երևանում։ Այս պահին Շիրակի թեմի առաջնորդությամբ Գյումրիից ևս մեկնարկել է երթ, որը Աբովյան քաղաքում կմիանա Տավուշից մեկնարկած երթին։ Օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տարբեր հարթակներում ու ձևաչափերով քննադատում, երբեմն էլ հեգնում է Առաքելական եկեղեցուն ու հոգևորականներին, որոնք մասնակցում են հայրենիքի փրկության համար մեկնարկած շարժմանը։ Իշխանությունը եկեղեցուն մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։

168.am հետ զրույցում ԵՊՀ հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուչարյանը խոսելով հոգևորականների կողմից շարժումն առաջնորդելու և իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ եկեղեցուն ուղղված քննադատությունների մասին, նկատեց՝ եկեղեցին մշտապես օրահասական պահերին հայրենիքի ու հայ ժողովրդին առաջնորդելու  պատասխանատվություն է ստանձնել։

«Երբ մենք անկախ պետականություն չենք ունեցել, եկեղեցին, որն ի սկզբանե կոչված էր լինելու հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, ակամայից իրերի բերումով դարձավ համազգային առաջնորդ։ Եթե եկեղեցին չլիներ, մենք ո՛չ գիր ու գրականություն, ո՛չ էլ պատմություն ու մշակույթ կունենայինք և կդադարեինք հայ լինելուց։ Եկեղեցին է մեզ հայ պահել, չնայած բազմաթիվ կորուստների՝ մարդկային ու տարածքային, եկեղեցին իր առաքելությունը պատվով է կատարել։ Կրկնում եմ՝ օրհասական պահին եկեղեցին է միշտ առաջնորդել ժողովրդին։

Վարդանանց շարժումը երբ եղավ, ո՞վ էր այն ոգեշնչում, Ղևոնդ Վանանդեցի երեցը՝ սուրբ Ղևոնդը դարձավ ոգեշնչողը։ Այսինքն՝ եկեղեցին մեր պատմության ընթացքում միշտ առաջնորդի դերակատարություն է ունեցել»,- նշեց Աշոտ Մանուչարյանը։

Կարդացեք նաև

Աստվածաբանի գնահատմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականության դեմ ուղղված  իշխանությունների հեգնանքը, քննադատությունները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ եկեղեցու հեղինակության վրա, հակառակը՝ դրանով իշխանությունն ավելի է բարձրացնում եկեղեցու հեղինակությունը։

«Այս ամենն ի վնաս իշխանությունների է աշխատելու, որովհետև եկեղեցու հեղինակությունն ավելի է բարձրանում»,- ընդգծեց Ա. Մանուչարյանը։

Նա դժվարացավ ասել, թե Տավուշից մեկնարկած շարժումն ի վերջո ինչ հանգրվանի կհասնի, հատկապես հետադարձ հայացք գցելով 2020-2022 թվականներին տեղի ունեցած բողոքի ակցիաներին, երբ եղան օրեր, 50-60 հազար մարդ փողոց դուրս եկավ, սակայն իշխանափոխություն տեղի չունեցավ։

«Թերահավատ չեմ, բայց այն ժամանակ այնպիսի տպավորություն ունեի, որ շարժումն առաջնորդողները պայքարում էին ոչ թե հանուն երկրի, այլ հանուն իշխանության։ Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի անելանելի վիճակում, հատկապես Արցախի կորստից հետո, երբ մեզ մի համախմբող ուժ է պետք, որը ժողովրդի մոտ կունենա հեղինակություն, և որի հետևից մարդիկ կգնան։ Ի վերջո, չի կարող այս վիճակը երկար շարունակվել, որովհետև մենք անընդհատ կորուստներ ենք ունենում։ Ինչ-որ ուժ է պետք, որը կտանի փոփոխության, անհրաժեշտ է ազգային, հայրենասիրական ուժերի իշխանություն։

19-րդ դարի սկզբին Եգիպտոսում մամլուկների դեմ շարժում սկսվեց, որն առաջնորդեց աշխարհի հոգևորականությունը՝ ուսյալ, կիրթ, բանիմաց մարդիկ էին։ Նրանք ունեցան հաջողություն՝ տապալելով մամլուկներին։ Այսինքն՝ համաշխարհային պատմության մեջ էլ կան այդպիսի օրինակներ, երբ հոգևորականությունն առաջնորդել է, ու հասել են հաջողության։ Կրկնում եմ՝ այսպես շարունակվել չի կարող, քանի որ սա արժանապատվության հարց է, որովհետև հայ մարդը՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես հավաքական կերպար, միշտ արժանապատվություն է ունեցել։ Հուսանք՝ հաղթություն կլինի»,- եզրափակեց   Աշոտ Մանուչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս