
«Մարդիկ, ովքեր 2018-ին փողոցում էին, հարց են բարձրացնում, թե ո՞վ բերեց Նիկոլին. հենց դուք եք բերել, այլ մեղավորներ փնտրել պետք չէ». Արմեն Պետրոսյան

Տևական ժամանակ է, իշխանական և մերձիշխանական տարբեր ուժեր թիրախավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)՝ ներկայացնելով տարատեսակ մեղադրանքներ, առաջին հերթին՝ մեղադրելով այն բանի մեջ, թե «ՀՀԿ-ն, մասնավորապես՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության», թեպետ տրամաբանող մարդկանց համար հասկանալի է, որ օրվա իշխանությունն ու նրան սատարող ուժերը չէին կարող չթիրախավորել ազգային գաղափարախոսությամբ ուժին՝ ՀՀԿ-ին։
«Արդարադատություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանը, ծանոթ լինելով ՀՀԿ-ի գաղափարախոսությանը, ասում է՝ հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ին թիրախավորում ու «Նիկոլին իշխանության բերելու» մեղադրանքը ներկայացնում են նրանք, ովքեր 2018 թվականին հայտնի իրադարձություններին ակտիվ դերակատարություն են ունեցել։
«Հիմա այս նույն մարդիկ, որոնք 2018 թվականին փողոցում էին՝ բարձրացնում են հարց, թե ո՞վ բերեց Նիկոլին, այս հարցը միայն մեկ պատասխան ունի՝ հենց դուք եք բերել, և այստեղ այլ մեղավորներ փնտրել պետք չէ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է պարտվել, այլ ավելի մեծ ուժերի, այսինքն՝ եթե նա չհեռանար, իր երկիրը կարող էր հայտնվել ավելի վատ վիճակում այդ ժամանակ։ Այդ պատճառով էլ ՀՀԿ-ն, այսպես կոչված, «քաղաքական նահանջ» իրականացրեց՝ հաշվի առնելով սեփական երկրի շահը, որի արդյունքում էլ իշխանազավթները հայտնվեցին կառավարման ղեկին։ Պետք է հասկանալ այն հետևանքները, որոնք կարող էին լինել, եթե ՀՀԿ-ն ատամներով պահեր սեփական իշխանությունը։
Այդուհանդերձ, այսօր գոնե ՀՀԿ-ին պետք է քննադատեն այն մարդիկ, որոնք ակտիվ դերակատարում չեն ունեցել 2018 թվականի իրադարձություններին ու փողոց դուրս չեն եկել ու Նիկոլին չեն բերել իշխանության։ Նիկոլին բերել են նրանք, որոնք 2018 թվականին փողոցում էին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու քննադատություններին։
Նրա բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն Հայաստանի ամենակազմակերպված քաղաքական միավորներից մեկն է, որևէ մեկն իր քննադատություններով կամ անհիմն մեղադրանքներով չի կարող նվազեցնել նրա դերը։ ՀՀԿ-ն հիմնված է ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ և անկախ ամեն ինչից՝ այն լինելու է։
«Իր գաղափարախոսությունից երբեք չի շեղվում, ունի պատրաստված երիտասարդներ, ունի հարուստ ու պրոֆեսիոնալ կադրեր։ Կարծում եմ՝ եթե որևէ ուժ ցանկանում է հեռացնել այս իշխանությանը, պետք է հաշվի առնի նաև ՀՀԿ-ին ու օգտագործի նրա ողջ ներուժը։
ՀՀԿ-ին թիրախավորելն արվում է ՔՊ-ի համար, որպեսզի 2026 թվականին կրկին վերարտադրվի և այս պատճառով էլ իշխանությունը փորձելու է սեպ խրել տարբեր ընդդիմադիր ուժերի միջև։ Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Էդմոն Մարուքյանը իմպիչմենտի գործընթաց տանում, որովհետև երբեք չեմ հավատա, որ նա նիկոլական չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, կան նաև Արցախից ուժեր, որոնք, թվում է, թե հականիկոլական թեզեր են առաջ քաշում, սակայն «ինչպե՞ս կարող է Անդրանիկ Քոչարյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և այլոց ընկերը հականիկոլական թեզ առաջ տանել՝ նման բան չի կարող լինել»։
«Անկախ ամեն ինչից՝ 2026 թվականի ընտրություններին եթե ՀՀԿ-ն ներկայացված լինի ԱԺ-ում, շահելու է ողջ ազգը. ազգային ուժ է, հիմնված է նժդեհյան գաղափարախոսության վրա, ում համար Արարատը սուրբ լեռ է, և համայն հայության հայրենիքը չի սահմանափակվում 29.743 քկմ-ով, Արցախը հայկական հող է, որն այս պահին Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Դրա համար այսօր ամեն ինչ անում են, որ մինչև ընտրություններ հեղինակազրկեն Հանրապետական ու մերձհանրապետական ուժերին, այս ամենը շատ հասկանալի է»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։