«Նման բան վերջին 100-ամյակներին չի եղել. ծայրահեղ քայլ է, շատ դժվար է պատկերացնել, թե հետո ինչպես ենք մարսելու». Վարդան Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց Վեհափառի վերաբերյալ շարունակվում են։
Հերթական մենախոսությամբ գրառումը Նիկոլ Փաշինյանն արել է առավոտյան։ Ըստ նրա, եթե Կաթողիկոսը Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորումն ապօրինի է համարում, ապա «կիսում է նրանց գաղափախոսությունը՝ երկրում քաոս ստեղծելու ու հեղաշրջում անելու վերաբերյալ, որի պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»։
Այս գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հերթական ցուցումնե՞րն է տալիս իրավապահներին, որ կարող են անարգել գրոհել Վեհարանի վրա, թե՞ հոգևորական դասին է սպառնում։
Փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ սա կա՛մ նախազգուշացում կլինի, որ ինչ-որ առումով հարաբերությունները մեղմվի՝ իշխանության տեսակետից, կա՛մ իրավիճակն ավելի սրվի՝ ինչպես ասում են վա-բանկ։
«Երկուսն էլ կարող է լինել, եթե ինքը նման բան է գրել, նաև պետք է բացատրի, թե ինչ է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Խաչատրյանը։
Հարցին՝ այս սպառնալիքները Վեհափառի հնարավոր ձերբակալմա՞նն են ուղղված, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարծում, թե կարող են Կաթողիկոսին ձերբակալել։
«Ամեն ինչն ունի իր շրջանակը, չափը՝ միազգային հարաբերություններում և համանման գործողություններում։ Գուցե այս ամենը դուր գա արտաքին քաղաքական մի մասսայի, բայց դա նշանակում է ներքին առումով կորցնել էլեկտորատին, «ոսկե» էլեկտորատը ենթարկել էռոզիայի, որը պարբերաբար իրենց օգտին է քվեարկում։ Ամեն դեպքում պետք է մտածեն այդ տեսակետից, որ դա ծայրահեղ քայլ է, և շատ դժվար է պատկերացնել, թե հետո ինչպես ենք մարսելու»,- շեշտեց նա։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ իշխանությունն այդքան հեռուն կնայի՞ իր գործողություններն անելուց առաջ, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ դա ոչ թե հեռուն մտածելու, այլ պարզ երևացող խնդիր է։
«Նման բան ամեն դեպքում վերջին 100-ամյակներին չի եղել։ Եթե նման բան լինի, ապա իրենք նախադեպ են ստեղծում։ Հաջորդ իշխանությունն էլ որ գա, համարելու է, որ այդ ժամանակվա Կաթողիկոսը, որն ընտրվել է նախորդ իշխանության ժամանակ, լեգիտիմ չէ։ Սա նշանակում է, որ մենք կորցնում ենք Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի ինքնության յուրօրինակ պահապան ու առանցք»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս է՝ ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության անդամները թիրախավորել են Հայ Առաքելական եկեղեցին և հոգևոր դասին։ Ամեն ինչ սկսվել է մայիսի վերջին, երբ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները համարեց չուլանացված, որից հետո հոգևորականները նրան իրենց հայտարարություններով հակադարձեցին։ Այդ ամենին էլ հետևեց Նիկոլ Փաշինյանի գրառումները Ֆեսյբուքում, որով նա Վեհափառից պահանջում էր ասել՝ կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ։
Այս գործողությունների համատեքստում էլ իրավապահները ձերբակալեցին, այնուհետև 2 ամսով կալանավորեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Բագրատ սրբազանին մեղադրում են՝ «ահաբեկչություն» նախապատրաստելու, իսկ Միքայել սրբազանին՝ «իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու» մեջ։



