Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի հիշում որևէ  ժամանակաշրջան, երբ հեշտ է եղել Արցախի հարցի հետապնդումը, կամ  ունեցել ենք միայն բարենպաստ շրջան։ Բայց ի տարբերություն այն ժամանակահատվածի, այսօր գտնվում են բոլորովին այլ իրավիճակում, երբ ներսից կա դեստրուկտիվ և Արցախի համար բացասական ազդակներ, որն ավելի շատ գալիս է օրվա իշխանություններից։

«Կարծում եմ՝ սա արդեն ցույց է տալիս այս իշխանությունների մտածողությունը կամ նրանց աշխարհայացքը, որ ամեն ինչ պարփակված է ՀՀ-ում, պատահական չէ, որ անընդհատ նշում են  ՀՀ տարածքի  թվերը, որը կամաց-կամաց 20 քկմ-ով ամեն անգամ պակասեցնում են։

Սա երբեք պետական մտածողության կամ Հայաստանին վայել  քաղաքական գործիչների տեսակետ չի կարելի համարել։ Այսօր աշխարհում շատ մեծ պայքար է գնում ռեսուրսների, տարածքների և այլն, միայն Հայաստանն է, որ թեթև ձեռքով փորձում է ամեն ինչ զիջել»,- ասաց Աշոտ Ղուլյանը «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման  շրջանակներում։

Նա ընդգծեց՝ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է, որի դերը, դիրքը, հեղինակությունն ու ազդեցությունը կարող է լինել միայն ու միայն ընդհանուր՝ Հայաստան-Արցախ միասնականության մեջ։ Հակառակ պարագայում միշտ էլ լինելու է շատ ավելի թույլ, ազդեցությունների ենթարկվող ու խոցելի պետականություն ու միջավայր։

Կարդացեք նաև

«Մենք Արցախի թեման արթուն պահելով՝ խոսում ենք, գործում ընդհանուր Հայաստանի պետականության պաշտպանության համար»,- հավելեց Աշոտ Ղուլյանը։

Անդրադառնալով Արցախից ռուս խաղաղապահ զորակազմի դուրս գալուն, Աշոտ Ղուլյանն ասաց, որ այնպես չէ որ զորակազմի ամբողջ կամ կիսատ խմբի մնալն արցախահայերին շատ կարևոր բան էր հաղորդում։

«Մենք գիտենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ժամանակ այնպես չէ, որ դրական դերակատարություն են ունեցել, իհարկե, որոշ դրական բաներ եղել են։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ զորակազմի ներկա լինելն Արցախում չի ծառայել այն նպատակին, ինչ որ պետք է լիներ ի սկզբանե։ Մենք արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանն իրեն միահեծան հռչակել է Արցախի տերը։ Բայց եթե մենք նման ազդակներով միայն առաջնորդվենք, մենք ընդհանրապես Արցախի հարցին չպետք է անդրադառնանք։ Վստահ եմ, որ մենք այս իմաստով պարզապես գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ, որն իրեն միակողմանիորեն դուրս է դրել  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։

Շատերը կարող են ասել՝ Արցախի հարցը փակ է, բայց քանի դեռ կա արցախցին, արցախցու երազանքը, հավատը և հայրենիք վերադառնալու մեծ նպատակը կա, ով ուզում է  դրա մասին խոսել՝ Արցախի հարցը փակված չէ»,- եզրափակեց Աշոտ Ղուլյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս