Հայտնի է` Տավուշից ովքեր կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարները, ինչպես նաև մի քանի գյուղացիներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը (նա Տավուշի մարզպետի եղբայրն է)։

Նշենք, որ Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր, ժամը 18։00–ին, Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը։

«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մի քանի գյուղացիներ պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք, ըստ խոսակցության, կանցնեն մյուս (ադրբեջանական) կողմին»,- ասաց նա։

Ղալումյանը վստահ է, որ պետք է լուծում գտնել, որը, սակայն, իր տիրույթում չէ, այլ սահմանազատման հանձնաժողովի։

Տեսանյութեր

Լրահոս