Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում

Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղեր Ադրբեջանին, որոնք «օկուպացված» են եղել 1990-ականների սկզբից»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Մասնավորապես, այսպիսի գրառում X-ում (նախկին Twitter) արել է ադրբեջանական արտգործնախարարության մամուլի խոսնկ Այխան Հաջիզադեն։

«Երկար սպասված պատմական իրադարձություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով  Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին «վերադարձնել» 4 գյուղեր, որոնք «օկուպացված են» 1990-ականների սկզբից»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ պարզաբանում էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Հարց – Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը:

Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս