Լիակատար համերաշխություն եմ հայտնում ինչպես Սամսոնյանին և Սաղաթելյանին, այնպես էլ Հայաստանի ավելի «ստաժավոր» քաղբանտարկյալներին՝ Ասլանյանին, Մալյանին, այլոց․ Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Գարիկ Մարդանյանը հարցրել է․ «Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին նույնպես կալանավորեցին, քաղբանտարկյալների թիվը շատանում է, դուք 11 ամիս է՝ բանտում եք։ Միջազգային խաղացողները ինչու՞ կոշտ քննադատության չեն ենթարկում Նիկոլին»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ինչպես Սամսոնյանին և Սաղաթելյանին, այնպես էլ Հայաստանի ավելի «ստաժավոր» քաղբանտարկյալներին՝ Ասլանյանին, Մալյանին, այլոց: Շատ կարևոր է հալածվող և ազատազրկված մարդկանց համար պայքարին և հանրային ճնշմանը հաղորդել մշտական և հետևողական բնույթ: Քանի որ նիկոլական բռնաճնշումների նպատակներից մեկը վախի մթնոլորտի ստեղծումն է, առաջնային է նաև չվախենալը, չկոտրվելը, չլռելը և պայքարը շարունակելը: Չպիտի թույլ տաք, որ մեր ազատազրկումով Նիկոլը «բռնի ձեր վախը»:
Ինչ վերաբերում է միջազգային լռությանը, ապա հանրահայտ փաստ է, որ քանի դեռ Նիկոլը խաղում է Արևմուտքի կանոններով, այդ կառույցները հրապարակավ չեն քննադատի իրեն, բայց մասնագիտացված զեկույցներում կարձանագրեն Հայաստանում ժողովրդավարության և ազատությունների տեսանելի և աղաղակող հետընթացը:
Իսկ գործող ռեժիմի ցինիկությունը հասել է այնտեղ, որ նրանք տակից խրախուսում էին Նավալնիի մահվան կապակցությամբ ակցիաները, բայց նույն Նավալնիի հետ միաժամանակ քաղբանտարկյալ ճանաչված ինձ՝ արդեն 10 ամիս է՝ պահում են անազատության մեջ:
Մի խոսքով, Հայաստանում ստեղծվել է «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ․ ՔԲ-ն ընդդեմ ՔՊ-ի»։