Վերածել են զավեշտի. Ամեն ինչ անում են մարդկանց խաբելու ու ֆռռացնելու համար

Կառավարությունը պատրաստ է ամեն հնարքի դիմել՝ իրականությունը հասարակությունից թաքցնելու համար։ Թվերն ու փաստերն են կեղծում, ժամանակագրություններն են խառնում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։ Ամեն ինչ անում են մարդկանց խաբելու ու ֆռռացնելու համար։

Չեն զլանում անգամ պաշտոնական փաստաթղթերը զավեշտի վերածել։

Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. կատարողականի զեկույցն են ներկայացրել։ Թվում է, թե փաստաթուղթը պիտի վերաբերեր բացառապես այդ ժամանակահատվածին։ Բայց տեսնելով, որ ծրագրի կատարման առաջին երեք տարիների արդյունքները, մեղմ ասած, այն չեն, երբեմն համեմատությունները տարել-հասցրել են ընդհուպ 2017թ.՝ ցուցանիշները ճոխացնելու ու մարդկանց աչքին թոզ փչելու համար։

Ահա դրանցից մեկը։

Կարդացեք նաև

«2023 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23,9% (ներառյալ՝ հիփոթեքի տոկոսագումարների դիմաց եկամտային հարկի վերադարձը)` բարելավվելով նախորդ տարվա համեմատությամբ 0,8 տոկոսային կետով:

Վերջին 6 տարիներին ցուցանիշը միջինում բարելավվել է 0,5 տոկոսային կետով (2017 թվականին կազմել էր 20,9%)»,- անդրադառնալով ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրմանը՝ զեկույցում արձանագրել է կառավարությունը։

Իսկ ինչո՞ւ են հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավումը ներկայացրել 2017թ. համեմատ, երբ խոսքը կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2023թ. կատարողականի մասին է։ Ի՞նչ կապ ունի սրա հետ 2017թ.։

Միանգամից ասենք, որ ոչ մի կապ էլ չունի։ Պարզապես կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված հարկեր-ՀՆԱ բարելավումը ձախողել են, ցուցանիշը շատ համեստ է, ակնկալվածից ավելի ցածր։ Բնականաբար, չէին կարող այդպիսի համեստ ցուցանիշ ներառել կառավարության զեկույցում։ Կառավարության զեկույցը պիտի միայն բարձր աճեր պարունակի, որ մարդկանց զարմացնեն իրենց չլսված, չտեսնված հաջողություններով ու ձեռքբերումներով։ Սրա համար էլ որոշել են համեմատությունն անել վեց տարվա կտրվածքով, ինչը բացարձակ կապ չունի կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ։

Այդ ծրագրով նախատեսել են, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պիտի բարելավեն առնվազն 2,6 տոկոսային կետով՝ 2026թ. հասցնելով 25 տոկոսի։

Նախատեսել են, բայց առաջին տարիներին չեն կարողացել կատարել։ Արդյունքներն այն չեն։

Այսպես՝ 2020թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 22,4 տոկոս էր։ Մինչև 2026թ. 25 տոկոսի հասցնելու դեպքում, ինչպես իր ծրագրում գրել է կառավարությունը, միջինը տարեկան այն պետք է բարելավվեր 0,4 տոկոսային կետով։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է բարելավվել կառավարության ծրագրին հաջորդած երեք տարիների ընթացքում։

2021թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմեց 22,7 տոկոս՝ նախորդ տարվանից 0,3 տոկոսային կետով բարձր։

Արդեն 2022թ. ցուցանիշը ոչ միայն չբարելավվեց, այլև վատացավ։ Այդ տարի հարկեր-ՀՆԱ-ն կազմեց 22,67 տոկոս՝ կլորացրած ստացվեց 22,7 տոկոս։

Այնքան, ինչքան նախորդ տարի։

Եվ սա՝ այն պարագայում, երբ 2022թ. պետական բյուջեում կառավարությունը պարտավորվել էր շուրջ 0,9 տոկոսային կետով բարելավել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը։

«2022 թվականին, բարձր տնտեսական աճի պայմաններում, կառավարությունը նախատեսում է իրականացնել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև հարկային օրենսդրության բարեփոխումներ: Վերջիններիս արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 0,9 տոկոսային կետով բարելավում»,- մեջբերումը 2022թ. պետական բյուջեից է, որը ներկայացրել էր կառավարությունը։

2022թ. որևէ բարելավում տեղի չունեցավ։ Բարելավելու փոխարեն՝ լիովին տապալեցին։

2023թ. արդյունքներով հարկեր-ՀՆԱ-ն կազմել է 23,4 տոկոս։

Ստացվում է, որ կառավարությունը 2021-2026թթ. ծրագրի կատարման առաջին երեք տարիների ընթացքում այն կարողացել է բարելավել ընդամենը 1 տոկոսային կետով։

Միջին տարեկան՝ 0,33 տոկոսային կետ։

Եզրակացությունը սրանից մեկն է՝ առաջին երեք տարիների արդյունքներով կառավարությունը ձախողել է 2021-2026թթ. գործունեության ծրագրով նախատեսված հարկեր-ՀՆԱ միջին տարեկան բարելավումը։

Հենց սրա համար էլ որոշել են 2023թ. զեկույցում դա միտումնավոր բաց թողնել, փոխարենը՝ ներկայացնել ծրագրի հետ բացարձակ կապ չունեցող ցուցանիշ, ինչ է թե՝ այդ ժամանակահատվածի կտրվածքով իրավիճակը մի փոքր այլ է։

Բայց նույնիսկ սրանով չեն բավարարվել։ Հասկանալով, որ ձախողման վտանգի տակ է կառավարության ծրագրով խոստացված հարկեր-ՀՆԱ ցուցանիշի առնվազն 2,6 տոկոսային կետի բարելավումը, որոշել են մեկ այլ խորամանկության էլ դիմել։ Անցած տարվա ցուցանիշը վերցրել ու հաշվել են՝ ներառելով նաև հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկը։

Երբ ժամանակին ներկայացնում էին կառավարության ծրագիրը, այդ մասին խոսք չկար։ Ոչ մեկը չի ասել, որ 2026թ. համար խոստացած հարկեր-ՀՆԱ-ն պիտի ներառի նաև վերադարձված եկամտային հարկը։ Այնպես, ինչպես այդ մասին մինչև վերջերս որևէ խոսք չի եղել նաև պետական բյուջեն ու հարկեր-ՀՆԱ ցուցանիշները ներկայացնելիս։ Բայց տեսնելով, որ ձախողում են կառավարության ծրագրի այդ կետի խոստումը, որոշել են, որ հարկեր-ՀՆԱ հաշվարկներում այսուհետ պետք է ներառեն նաև հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկի գումարները։

Արդյունքում՝ ստացվել է, որ անցած տարի հարկեր-ՀՆԱ-ն ավտոմատ բարելավվել է. 23,4-ի փոխարեն՝ դարձել է 23,9 տոկոս։ Այդ ցուցանիշն էլ ներկայացրել են կառավարության զեկույցում։ Նախկինում երբևէ հարկեր-ՀՆԱ-ն այդպես չի հաշվարկվել։ Հաշվարկվել է բացառապես պետական բյուջեի մաքուր մուտքերի հիման վրա։ Հիմա որոշել են փոխել։ Թե ինչո՞ւ, արդեն պարզ է։

Սա է հարկեր-ՀՆԱ ցուցանիշում եկամտային հարկի հետվերադարձի գումարները ներառելու գաղտնիքը։ Կարող էին նաև ԱԱՀ վերադարձն էլ ներառել, այդ դեպքում հաստատ շատ ավելի ճոխ ցուցանիշ կարող էին ստանալ։

Նման պարզունակ հնարքներով փորձում են խաբել մարդկանց։ Այստեղից-այնտեղից թվեր են վերցնում, աճեր են ցույց տալիս, ցուցանիշներ են ներկայացնում, համեմատություններ են անում, ճոխացնում են, հազար ձևով շուռ ու մուռ են տալիս՝ միայն թե իրենց ցանկալի պատկերը ստանան։ Այդպես էլ չհասկացան, որ դրանից իրականությունը չի փոխվում։ Մարդիկ վիճակագրական աճերով ու հայտարարվող ձեռքբերումներով չէ, որ դատում են կառավարության գործունեության իրական արդյունքների մասին։ Կառավարության գործունեության ծանր հետևանքները բոլորի աչքի առաջ են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս